«Քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանքի մայրը հայկական արմատներ ունի»
31/01/2014 17:03

«Քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանքի մայրը հայկական արմատներ ունի»

ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ. Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով: Այս մասին հայտնում են  ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
 
Նախորդող հրապարակումներ՝ Ադրբեջանական ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանից

ԱԳՆ-ն հաստատում է. Ադրբեջանական ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում

 

«Քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանքի մայրը հայկական արմատներ ունի»