.jpg)
Սիրիական ճգնաժամի լուծման 4 սցենար՝ ըստ Իսրայելի
Իրանական «իրդիփլամասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Իսրայելի Անվտանգության հետազոտությունների կենտրոնը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ 4 հավանական սցենար է մշակել.
1. Սոմալիի սցենարը. Այսինքն՝ Սիրիայում պատերազմական գործողությունների կայուն շարունակականություն այնքան ժամանակ, մինչև այդ երկրում վերջնականապես կտիրի անկայունություն
2. Սայքս-Պիկոի համաձայնագիր՝ նոր Սիրիա. Այսինքն՝ երկրորդ սցենարի համաձայն՝ Սիրիան պետք է բաժանվի մի քանի փոքրիկ երկրների. Ալավիները պետություն կստեղծեն՝ Դամասկոսի շրջանում, սուննիները կզբաղեցնեն երկրի հյուսիսային և մի փոքր հատված էլ հարավում և արևելքում, և վերջապես կստեղծվի Քուրդիստանը, որը կընդգրկի Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածը:
3. Սիրիայի իշխող վարչակարգի հաղթանակ
4. Ապստամբական ուժերի հաղթանակ
Այսպիսով, առաջին սցենարի դեպքում, եթե Սիրիայի իշխանությունները, աստիճանաբար թուլանան, այլևս Իսրայելի համար չեն կարող սպառնալիք հանդիսանալ, սակայն այդ պարագայում մեծանալու է ծայրահեղական խմբավորումներից սպասվող սպառնալիքի հավանականությունը:
Երկրորդ սցենարը լիովին համընկնում է Իսրայելի շահերին. Նոր ստեղծված փոքր պետությունները չեն ունենա այն ուժը, որը կարող է սպառնալ Իսրայելի անվտանգությանը:
Երրորդ սցենարի իրագործվելու պարագայում, Սիրիայի իշխանությունը չի ունենա այն ուժն ու կարողությունը, որը կարող է Իսրայելի համար սպառնալիք հանդիսանալ: Սակայն մի վտանգ կա, որ երրորդ սցենարի դեպքում միանշանակ կմեծանա Իրանի դերը՝ հաշվի առնելով «Հեզբոլլահի» վրա ունեցած Թեհրանի ազդեցությունը:
Ինչ վերաբերում է չորրորդ սցենարին, ապա այդ դեպքում թեև Սիրիայի իշխանությունը կտապալվի և այլևս չի կարող սպառնալ Իսրայելին, սակայն խնդիրն այն է, որ այդ դեպքում հնարավոր է Սիրիայում իշխանության գան իսլամական ուժերը, որոնց վրա մեծ կլինի սալաֆիների ազդեցությունը: