Ձկնաբուծարանների դեմ չեն կարողանում պայքարել, կամ չեն ուզում
01/02/2014 17:45

Ձկնաբուծարանների դեմ չեն կարողանում պայքարել, կամ չեն ուզում

«Ես դժվարանում եմ ասել` խելացի է կառավարվում ջրային ոլորտը, թե ոչ»: Aysor-am-ի հարցին այսպես պատասխանեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Նշենք, որ այս տարի նախատեսված է չորս ջրամբարների կառուցում, որը նշանակում է, որ տարբեր միջազգային կառույցներ վարկեր են տրամադրելու Հայաստանին` ջրային ռեսուրսները կառավարելու համար:

Իսկ հնարավոր չէ՞ր ջրային ռեսուրսներն այնպես կառավարել, որ երկիրը լրացուցիչ պարտքերի տակ չընկներ. «Ես կարծում եմ՝ համակարգում աշխատում են պրոֆեսիոնալներ, ովքեր մտահոգված են ջրային ռեսուրսների պահպանման գործում»:

Նշենք, որ ոլորտը կառավարող «պրոֆեսիոնալ մասնագետների» շնորհիվ է Արարատյան դաշտավայրի ջրային հորիզոնները նվազել են 9 մետրով, ոլորտի կառավարողների շնորհիվ է Սև Ջուր գետը ցամաքել, որը խնդիր է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համար:

Նույն «պրոֆեսիոնալ մասնագետների» շնորհիվ է, որ փոխարենը ոլորտում կտրուկ լուծելու Արարատյան դաշտավայրի ձկնաբուծության նպատակով տրված սահմանավածից ավելի` 750 մլն խմ, ջրային թույլտվությունների հարցը, այսօր Սևանից են վերցնում ջուրը:

Ա. Անդրեասյանը նշեց, որ այժմ մեկ մետր ավելին է Սևանի բարձրությունը, քան սահմանված էր, սակայն այդ մեկ մետրի կառավարությունը միլիոններ է ծախսել, ու այսօր այդ միլիոններն ուղղվում են ոլորտի ոչ ճիշտ կառավարման սխալները ծածկելու համար:

Նշենք, որ այս ընթացքում բնապահպանության նախարարությունը Արարատյան դաշտավայրում հիմնականում փակել է այնպիսի հորեր, որոնք անտեր են ու այլևս ցամաքել են:

Ձկնաբուծարանների խնդրումմեր զրուցակիցը  զգուշություն ցուցաբերեց`  նշելով, որ այս ոլորտը զարգանում է, կան արդյունքներ, շատ մարդիկ են աշխատում ձկնաբուծարաններում, կա նաև խնդիր ու «մենք պետք է բալանսավորված առաջ գնանք»:

Հիշեցնենք նաև, որ  նախատեսվում է ձկնաբուծարանների անցումը ջրի փակ կամ կիսափակ  շրջանառության համակարգին, երբ հնարավոր կլինի ջուրը թթվածնով հարստացնել մինչև 10 անգամ ու կրկին օգտագործել, ինչը զգալիորեն կնվազեցնի ջրի օգտագործման ծավալները. Այս համակարգերը 100 հազար դոլար և ավելին արժեն, իսկ թե որքանով են դրանք մատչելի և կներդրվեն արդյոք Հայաստանում, ցույց կտա ժամանակը:
 
Իսկ այն, որ Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարաններին սահմանվածից ավելի ջրի օգտագործման թույլտվությունների խնդրով զբաղվում է Դատախազությունը. այս հարցին Անդրանիկ Անդրեասյանը գերադասեց չանդրադառնալ:

Ձկնաբուծարանների դեմ չեն կարողանում պայքարել, կամ չեն ուզում