ԱԱԽ քարտուղարը՝ ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի հետագա ճակատագրի մասին
01/02/2014 12:41

ԱԱԽ քարտուղարը՝ ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի հետագա ճակատագրի մասին

Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում, որից հետո որոշում կկայացվի այդ ընտանիքի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ հարցը որոշակի իրավական ընթացակարգ է պահանջում:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ. Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

Նախորդող հրապարակումներ՝Ադրբեջանական ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանից

ԱԳՆ-ն հաստատում է. Ադրբեջանական ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում

Հայաստանում ապաստան խնդրած ադրբեջանցին Ալիևների թիկնապահն է. aravot.am

 

 

ԱԱԽ քարտուղարը՝ ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի հետագա ճակատագրի մասին