.jpg)
Կորցնելով Ասադին` Իրանը կկորցնի տարածաշրջանում իր լրջագույն դաշնակցին
Դժվար չէր ենթադրել, որ սիրիական հիմնախնդիրն անկասկած մնում է Իրանի արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը: Այսուհանդերձ, ամերիկացի դիվանագետ Ֆրեդերիկ Հոֆի իրանցի պաշտոնյաների հետ ունեցած քննարկումների բովանդակության որոշ հատվածների վերջին գաղտնազերծումը ևս մեկ անգամ գալիս է դա ապացուցելու՝ առկա քաղաքական համայնապատկերին ավելացնելով նոր նրբերանգներ:
Համաձայն դրանց՝ Սիրիայի հարցում և ընդհանրապես մերձավորարևելյան տարածաշրջանում իրական վտանգ պարունակող խնդիրներն Իրանն այժմ տեսնում է ոչ թե ԱՄՆ-ի կամ Իսրայելի, այլ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի վարած սադրիչ քաղաքականության մեջ:
Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց Բաշար ալ-Ասադի Սիրիայում իշխանության ղեկին մնալն այս պահին, թվում է, ձեռնտու է և՛ Իրանին, և՛ Իսրայելին, քանի որ հակառակ պարագայում Իրանը կկորցնի տարածաշրջանում իր լրջագույն դաշնակցին, որն ապահովում է նաև շիական «Հիզբալլահի» հետ Իսլամական Հանրապետության կապը, ինչը զսպող լծակ է՝ ուղղված առաջին հերթին հենց Իսրայելի դեմ, իսկ Հրեական պետությունը, չնայած «Հիզբալլահից» եկող սպառնալիքներին, իր հյուսիսարևելյան սահմանին կբախվի անկառավարելի և անկանխատեսելի սուննի ծայրահեղ իսլամականներին, որոնց համեմատությամբ լիբանանյան շիական շարժումն ուղղակի հրեշտակ կարող է թվալ: