Մի մարդու պատմություն. Թելլո. Ոսկեհյուս մազերով գորգագործուհին
01/02/2014 18:36

Մի մարդու պատմություն. Թելլո. Ոսկեհյուս մազերով գորգագործուհին

Փոքրիկ-փոքրիկ տնակներ` իրար կիպ-կպած, երբ հարևանդ մայրդ է կամ եղբայրդ, վերևի հարևանդ` հորաքույրդ, կողքի հարևանդ հորղբորդ տղան և այսպես երկար ու ձիգ: Զեյթուն թաղամասի մի հատվածում այսպես են տները վեր բարձրանում:

Փոքրիկ-սեփական տներերից մեկում ապրում է տիկին Թելլոն: Հատակին ու պատերին գորգեր են` ոսկեհյուս ու ոսկեթել, գունագեղ. Գորգագործ կինը ներհյուսվել է իր գորգերին: Թելլո հենց նշանակում ոսկեհյուս-ոսկեթել մազեր ունեցող:

Ծնվել է Իրանում 1934 թ-ին, 47-ին հայրենադարձվել է ու ընտանիքով բնակվել են Մասիսի Ղուկասավան գյուղում` մայրը, հայրը քույրերն ու եղբայրները, հարազատները:

«Չորս կողը թուրքեր էին ապրում, բայց մեր գյուղում թուրք չկար»,- պատմում է  նա, ու ավելի կամաց` «թաղեմ դրանց»:

Իրանից գաղթելու ժամանակ հայրենադարձների հետևից հասել են Հուսեին խանն ու Մամդալի խանը` հորդորելով հետ դառնալ Իրան, սակայն հայերը չեն համաձայնվում: «Գալն էր ճիշտ»,- համոզված է Թելլո մայրիկը:

Իրանից գալուց հայրիկը 100 ոչխար է պահ տվել, որ Հայաստանում ստանա... հետ են տվել միայն 27-ը: Ունեցվածքը կապել են «անգլիական քանվա ավտոյի վրա», մի մասն էլ սելերն են դրել ու հայրենադարձվել: Հայաստանում դժվար ժամանակներ էին, պատերազմը նոր էր ավարտվել, գյուղերում մարդ-շունչ չկար, մնացել էին հիմնականում կանայք... ու գյուղապետերը:

Գորգեր, իրերը վաճառել են շուկայում` փոխել ցորենի, ալյուրի հետ, շատերը մահացել են սովից. «Անտանելի տարի էր, ոչ ոք չտեսնի, Աստված չանի».- հիշում է Թելլոն:

Տիկին Թելլոն, թեև 11 տարեկանում է հայրենադարձվել, դեռևս խոսքում պահպանել է իրանահայերին բնորոշ խոսվածքն ու արտահայտչամիջոցները: Տունն առաջին հարկում է, վերևի հարկում ազգական է, էլ ավելի վերև` էլի ազգական, կողքի տանը` դարձյալ ազգական ու այսպես-երկար: Հարազատներին նվիրել է իր ձեռքով հյուսած գորգերը` մեծ ու փոքր. Սիրում է հայ ժողվորդի պատմությունը, ու գորգերի հերոսները հենց պատմական և հոգևոր դեմքեր են: Նախ միլիմետրովկայով նկարում է պատկերը, հետո հյուսում` մեկիկ-մեկիկ, գույն առ գույն, թել-թել. Ինքնուրույն է սովորել:



Մեկ առ մեկ ցույց է տալիս գորգերը` Խրիմյան Հայրիկ, Տիգրան Մեծ, Վազգեն Սարգսյան, Նարեկացի: Գորգերից մեկը` առանց միլիմետրովկայի գործել և հիմա էլ զարմանում է, թե ինչպես է կարողացել, բայց «Աստված է ուժ տվել». Մեկ գորգի վրա առանց միլիմետրովկայի հյուսել է տեսարններ Կարմիր բլուրից, պատմական դեպքեր, իսկ ներքևում երկտողեր է հյուսել:

Պարսկերեն կարդում է, խոսել ևս կարողանում է, 5 տարի առաջ այցելել է ծննդավայր, Նոր Ջուղա, հիշում է իրենց հին տունն ու փողոցը` ուռիներով երկար, դպրոցը, որտեղ սովորում էին նաև իրանցի աղջիկներ:

Այցելության ժամանակ Թելլոյենց տանը տեղավորվել-ապրում էր իրանցի ընտանիք, կանայք` ավանդական չադրաներով, լուսանկարվել են արդեն ընդհանուր տան բակում: Հարազատներով գնացել են զբոսախնջույքի, հայ կանայք` գլխաբաց, և իրանցի մի տղամարդու կաշառել են, որ չմատնի:

Արդեն Ղուկասավանում, սովորել է մինչև 7-րդ դասրան. Այդքանն էր, հետո սովորել է դերձակություն` երկար ու ձիգ տարներ ու ձանձրացել. Սկսել է զբաղվել ընտանիքում ավանդույթներ ունեցող գորգագործությամբ: Հայաստանում մայրը գորգագործության այբուբենն է սովորեցրել աղջկան, ում մեջ արդեն նկարչության հանդեպ սեր կար:

Թելլոն գաղտնի է աշխատել, քանի որ խորհրդային շրջանում չէին թողնում տնայնագործությամբ զբաղվեին:

Հիմնականում հայկական զարդանախշերով է հյուսում գորգերը, սակայն չի մոռացել նաև պարսկական ավանդույթներն ու զարդանախշերը:

Գորգերը չի վաճառում,  նվերներ է անում հարազատ-բարեկամներին, երեք գորգ նվիրել է Մատենադարանին` Մեսրոպ Մաշտոց, Շուրուշկանի Ավետարան և Մարիամ Աստվածածին: Մատենադրանը` ի նշան շնորհակալության` գորգագործուհուն պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց մեդալով:

Գարեգին Առաջին կաթողիկոսին է նվիրել նաև գորգ, կաթողիկոսի նվիրած խաչն ու գիրքն է ստացել` ի հիշատակ:

Մի իտալական մոտիվներով նկար է գորգագործել, ցանկանալով ուղարկել Պապին, սակայն մաքսատանը 600 դոլար են պահանջել, ու գորգը մնացել է:

Ընտանեկան ավանդույթների հույսը ծոռնուհին է` երրորդ դասարանում է. Թոռները տղաներ են:

Ընտանքիում երեք քույր ու երեք եղբայր են եղել, այժմ Թելլոն է և Նոյմեի քույրը, հարազատները սփռված են ողջ աշխարհում:

Հայրն առևտրական էր, ինչպես և հորեղբայրները` գորգերի, բադամի վաճառականներ, նաև հատուկ խեժ են վաճառել դեղատներում, որը ստացել են հատուկ ծառերից: Մայրական կողմը քեդխուդեք են եղել` գյուղապետեր:

Մեկ առ մեկ ծանոթանցում է կյանքին առնչվող դրվագներին` ընտանեկան ալբոմներ, լուսանկարներ, մակագրություններով գրքեր: Տիկին Թելլոյի համար կյանքը հոսում է գորգերին համընթաց, ապրում է իր ստեղծագործություններով ու պատրաստ է բոլորին ներկայացնելու, պատմելու իր աշխատանքների մասին...

Նախորդող հրապարակումներ` Մի մարդու պատմություն. Լիզա. Անեծքից օրհնանք. Աչքը կյանքի վրա մնաց

 Մի մարդու պատմություն. Նարինե. Կյանքով երջանիկ կինը

Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը:

Մի մարդու պատմություն. Փառանձեմ. Կյանքից տղան մնաց

 

Մի մարդու պատմություն. Թելլո. Ոսկեհյուս մազերով գորգագործուհին