Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի երկրպագուներին անակնկալ է սպասվում
03/02/2014 20:00

Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի երկրպագուներին անակնկալ է սպասվում

Ամիսներ առաջ թեժ քննարկման թեմա էր դարձել մի ֆիլմ, որը նկարահանում էր երիտասարդ դերասանուհի Անի Երանյանը: Ավելի շուտ քննարկման թեմա դարձել էր ոչ թե ֆիլմը, այլ կոնկրետ Անին և ֆիլմում հադես եկող նրա նախկին ընկեր Մովսես Երեմյանը: Թե ի՞նչ ընթացք ստացավ այդ ֆիմը, ովքեր են ի վերջո նկարահանողներն ու դերասանները, ի՞նչ ժանրի մեջ է և ի՞նչ պատմություն է ներկայացնելու, Life.Panorama.am-ը փորձեց ճշտել ֆիլմի սցենարիստ Անուշ Պետրոսյանից:

-Անուշ, ի՞նչ ժանրի մեջ է ֆիլմը և ովքե՞ր են դերակատարները:

-Ֆիլմը կոմեդիայի և մելոդրամայի ժանրում է, վերնագրված է «Խաղանք իմ կանոններով»: Ռեժիսորն է Միկա Բագրատյանը: Գլխավոր դերակատարներն են Անի Երանյանը և Մովսես Երեմյանը: Ֆիլմում հանդես են գալիս նաև Արթուր Պետրոսյանը, Լիա Զախարյանը, Նորայր Սահակյանը, Արթուր Սահակյանը, որին Իտալիայից ենք հրավիրել, և Հայկ Ավագյանը: Խաղարկային ու հետաքրքիր ֆիլմ է՝ անսպասելի ու հետաքրքիր լուծումներով…

-Ֆիլմի աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են:

-Շատ լավ է, որ այդ հարցը տվեցիք: Երկու օր առաջ կայքերից մեկը թերի և սխալ հոդված է տպագրել, որտեղ նաև նշվել է, իբր ֆիլմի աշխատանքները օրեր առաջ են ավարտվել: Ֆիլմը մենք սկսել ենք նկարահանել հոկտեմբեր ամսին, ավարտել ենք նոյեմբերի 10-ին: Արդեն ավարտին են մոտենում նաև մոնտաժային աշխատանքները:

-Ֆիլմի երաժշտական հատվածը ո՞ւմ է վստահված:

-Երաժշտությունն ամբողջովին նոր է, կոմպոզիտորն է Թաթոս Հակոբյանը, ջութակի մասը ապահովում է Վարդան Պողոսյանը:

-Ե՞րբ կլինի պրեմիերան:

-Հստակ օր չեմ կարող ասել, մի քանի օրից պարզ կլինի:

-Անուշ, ժամանակին խոսակցություններ կային, որ ֆիլմը Անի Երանյանի նախաձեռնությունն էր:

-Ոչ, սխալ տեղեկատվություն էր: Պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանի նախաձեռնությամն է սկսվել, այնուհետև միացել է 2-րդ պրոդյուսեր Հայկ Ավագյանը ու հրավիրվել ենք մնացածս: Հետագայում կազմավորվեց թիմ և բոլորս այժմ դարձել ենք ընկերներ:

-Բայց ես ևս այն ժամանակ զրուցել եմ այս թեմայով Անիի հետ և իր կողմից չի հերքվել, որ ֆիլմն իրենն է:

-Պարզապես մենք այնպես ենք վերաբերում այս ֆիլմին, որ յուրաքանչյուրս իրենն է համարում: Մենք ընկերներ ենք և սրտացավորեն ենք վերաբերում մեր աշխատանքին:

 

-Ի դեպ, մեկ անգամ էլ խոսել եմ Հայկի հետ, ով այն ժամանակ ասաց, որ Մովսես Երեմյանին երկու պրոդյուսերները որոշել են հեռացնել ֆիլմից և նոր դերակատար կընտրվի: Ինչպե՞ս եղավ, որ նա նորից վերադարձավ:

-Ճիշտն ասած՝ Մովսեսը երբեք չի հեռացվել ֆիլմից: Պարզապես, երբ նկարահանումները սկսվեցին, մեծ աղմուկ բարձրացավ լրագրողների կողմից, հնարավորություն չէինք ունենում ֆիլմը նկարահանել: Պատճառը Անիի և Մովսեսի անձնական հարաբերություններն էին: Որոշեցինք նման հայտարարություն անել, որ մեզ հանգիստ թողնեն ու ֆիլմը կարողանանք ավարտին հասցնել:

-Անուշ, թեև Մովսեսն ու Անին պնդում են, որ այժմ զուտ ընկերական հարաբերություններ ունեն, այնուհանդերձ, դժվար չէ՞ աշխատել մի զույգի հետ, ովքեր նախկինում սիրային հարաբերություններ են ունեցել և ֆիլմում սիրային զույգ են ներկայացնում:

-Գիտեք, բոլոր նկարահանումներին ներկա եմ եղել և կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ պրոֆեսիոնալ են: Այնքան լավ էին խաղում, որ այդպես էլ չհասկացանք՝ իրենք ունե՞ն անձնական խնդիր, թե ոչ: Ոչ մեկի կողմից կաշկանդվածություն չեղավ:

 

-Հանդիսատեսը քանի? րոպե ունի ֆիլմը վայելելու և «Ձեր կանոններով խաղալու»:

-Ֆիլմը տևում է 90 րոպե: Ժամ ու կեսանոց հումորային, ինտրիգներով լեցուն ֆիլմ է, որը, կարծում եմ, կհավանեն բոլորը: 

Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի երկրպագուներին անակնկալ է սպասվում