.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Իսրայելի ՊՆ նախարարն ուկնդրում է Իրանի ԱԳ նախարարին
Նախօրեին ուշ երեկոյան Մյունխենի անվտանգության համաժողովում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի և ամերիկացի սենատոր Քրիս Մերֆիի մասնակցությամբ Իրանի հարցով տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը ցուցաբերել է իսրայելցի պաշտոնյաներին ոչ հատուկ պահվածք, նա ոչ միայն չի լքել դահլիճը, այլև նրա հետ քառակողմ քննարկումը ունկնդրել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Իսրայելը վարչապետի, ԱԳ և ՊՆ նախարարների մակարդակով Իրանին համարում էր տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող երկիր, միջազգային համաժողովների ժամանակ, ինչպիսին ՄԱԿ-ի ԱԳ 68-րդ նստաշրջանն էր, երբ ելույթով հանդես էր գալիս Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Իսրայելի ներկայացուցիչը վարչապետ Նեթանյահուի անմիջական ցուցումով լքեց նիստերի դահիլճը:
Ժնևյան համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի խափանի դրա իրագործումը: Սակայն հունվարի 20-ից հետո, երբ ուժի մեջ մտավ ժնևյան համաձայնագիրը և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հայտարարեցին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, Իսրայելին այլ բան չէր մնում, քան հաշվի նստել իրականության հետ և ընդունել իր պարտությունը:
Հիրավի, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում.
Մի քանի ամիս առաջ քչերը կարող էին կանխատեսել, որ Իսրայելը նման վարքագիծ կդրսևորի. 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ամենամեծ պատվիրակությունն է մեկնում Իրան, մեկը մյուսի հետևից Թեհրան են մեկնում եվրոպական երկրների ԱԳ նախարարներ, նախկին նախագահներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, և այստեղ թելադրողն այլևս Իրանն է: