.jpg)
ԱԺ աշխատակիցները պահանջել են իրենց աշխատավարձերից պահումներ չկատարել
Շաբաթ օրը Ազգային Ժողովի շուրջ 60 աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դեմ եմ» նախաձեռնությանը: Այս մասին գրել է panorama.am-ը: Կայքի հետ զրույցում նրանցից մեկն ասել է, որ իրենք տհաճ անակնկալի են եկել, երբ պարզել են, որ հունվար ամսվա աշխատավարձից պահում է արվել, մինչդեռ հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ինչ-որ բան փոխել է իրավիճակում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հայտնեց, որ նախաձեռնությանը միանալու մասին տեղյակ չէ, բայց կարող է ասել, որ ԱԺ մի շարք աշխատակիցներ աշխատակազմի ղեկավարի անունով դիմում են գրել, որ իրենց աշխատավարձերից պահում չկատարվի:
Հիշեցնենք, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ պետական բոլոր հիմնարկներում, չնայած ՍԴ-ի որոշմանը, աշխատավարձերից պահումներ է արվել:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 6-ին երթ է անցկացնելու