.jpg)
Ստուգվում է հնդկական ծագման դեղերի արդյունավետությունը
Հայաստանում գրանցված է 245 անուն հնդկական ծագման դեղ` երկրում գրանցված դեղերի 5 տոկոսը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:
Նա նաև նշեց, որ Հնդկաստանի դեղոլորտի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու համար ապրիլին իրենց հնդիկ կոլեգաների հետ կկնքեն հուշագիր. «Տեղեկատվություն կփոխանակենք, կճանաչենք դեղարտադրողին, նաև իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն կստանանք և այլն»:
Ինչ վերաբերում է դեղերի, մասնավորապես, հնդկական դեղերի կենսահամարժեքության վերաբերյալ վստահությանը, Հ. Թոփչյանը նշեց, որ կենսահամարժեքությունը արտադրվող երկրում է ուսումնասիրվում, դա ոչ միայն երկար, այլև թանկարժեք պրոցեդուրա է:
Կենսահամարժեքության խնդիր ունեն բոլոր երկրների դեղերը, հատկապես ջեներիկ դեղերի մասով:
Նա, մասնավորապես անդրադարձավ հնդկական ծագման Դիազոն և Դիաման շաքարային դիաբետով հիվանդների համար պետգնումների շրջանակներում ձեռք բերվող դեղերից բողոքներին, նշելով, որ այդ դեղերը գրանցման ժամանակ համապատասխանել են որակային ցուցանիշներին. «45 հազար հիվանդ օգտվում է այդ դեղերից, մենք պարտավոր են արձագանքել»:
Այժմ կենտրոնը էնդոկրինոլոգիների հետ զբաղվում է այդ դեղերի ուսումնասիրությամբ` ստուգելու դրանց արդյունավետությունը, նաև նշեց, որ pharm.am կայքում դրված է քարտ, որտեղ բժիշկները կարող են ցանկացած դեղի կողմնակի ազդեցության վերաբերյալ դիտարկումներն ու բողոքները տեղադրել, այդ բողոքները հետո ուղարկվում են Շվեդիայի համապատասխան կենտրոն:
Հնդկական դեղերի արդյունավետության ստուգումը կավարտվի մոտ մեկ ամսից:
Նախորդող հրապարակում՝ Ս. Զաքարյան. Հնդկաստանում և՛ լավ, և՛ կասկածելի դեղարտադրողներ կան