03/02/2014 16:09
Քաղաքապետ. Մանկապարտեզներին ոչ որակյալ սնունդ մատակարարողին ներում չի լինի
Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ:
Զեկուցվել է նաև, որ 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման որևէ դեպք:
«Այս հարցում պետք է ցուցաբերել սկզբունքային կոշտ մոտեցում և բացառել սահմանված նորմերին չհամապատասխանող սննդի մատակարարումը մանկապարտեզներ: Բազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, որ հատկապես երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովման հարցում մեր դիրքորոշումն ու ձեռնարկվող քայլերը եղել ու լինելու են կոշտ, ընդհուպ մատակարարների հետ պայմանագրերը խզելով և տվյալ ընկերություններին օրենքով սահմանված կարգով «սև» ցուցակ գցելով: Այս հարցում որևէ մեկին ներում չի լինելու, ուստի, գնումների գործընթացում շահած հատկապես նոր ընկերություններին խստորեն նախազգուշացրեք կատարել ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու սահմանված նորմերից որևէ շեղում թույլ չտալ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: