Վաղը ՀՅԴ-ն ԱԳՆ շենքի դիմաց ցույց է անցկացնելու
04/02/2014 16:53

Վաղը ՀՅԴ-ն ԱԳՆ շենքի դիմաց ցույց է անցկացնելու

Վերջերս, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Այդ մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար հրադադարի խախտման փորձերի հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլև խրախուսում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ապակառուցողական և տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը:

Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:

Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց:

Ցույցը տեղի կունենա Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, ժամը 11:30-ին:

Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների Երիտասարդական միություններին, անկախ քաղաքական դիրքորոշումից և մոտեցումներից, միանալ բողոքի ցույցին և միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ»:
 

Վաղը ՀՅԴ-ն ԱԳՆ շենքի դիմաց ցույց է անցկացնելու