Քաղաքագետ. ՄՄ-ում երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում
04/02/2014 14:00

Քաղաքագետ. ՄՄ-ում երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում

Մենք գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Բացի այդ կա ևս երկու խնդիր: Նախ կբարձրանան եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների գները, քանի որ Հայաստանն այս պարագայում դառնում է երրորդ երկիր: Կա նաև ինքնիշխանության հարց՝ Հայաստանը Եվրոպայի հետ համագործակցելու է Մաքսային միության միջնոցով»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ նման մասշտաբի միջազգային փաստաթղթերը պիտի ստորագրվեն միայն այն դեպքում, երբ երկրում անցկացվել է հանրաքվե և քաղաքացիները կողմ են արտահայտվել որոշմանը.

«Այսօր, ինչպես հասկնում եմ, մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը: Հասկանալի է, որ չեն ուզում նեղացնել մեր ավագ գործընկերոջը, բայց միևնույն է՝ քննարկումներ պետք է անցկացվեն, քանի որ հետագայում մենք Մաքսային միության հետ լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին հայտարարվել է նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին: Արդեն հրապարակվել է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը: