Արտավազդ Ամիրյանը` սպասվելիք ամուսնության մասին. Life.panorama.am
05/02/2014 19:42

Արտավազդ Ամիրյանը` սպասվելիք ամուսնության մասին. Life.panorama.am

Ըստ շրջանառվող լուրերի հաղորդավար Արտավազդ Ամիրյանը պատրաստվում է երկու ամիս անց կայանալիք հարսանիքին: Life.panorama.am-ը որոշել է զրուցել Արտավազդի հետ` պարզելու տեղեկության իսկությունն ու նրա պասիվության պատճառները:

-Արտավազդ, վաղուց ձեր մասին տեղեկություններ չունենք: Ինչո՞վ եք զբաղված:

-Աշխատում եմ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում: Հիմնականում ուշադրության կենտրոնում ենք պահում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մշակութային օջախները՝ թատրոններ, արվեստի դպրոցներ, քաղաքում տեղի ունեցող պետական և ոչ պետական տոների կազմակերպումը…

-Ստացվո՞ւմ է Երևանում ակտիվ պահել մշակութային կյանքը:

-Դե, այդտեղ հասարակության մոտեցումն ու ընկալումը նույնպես կարևոր է… Քաղաքապետարանն այսօր ամեն ինչ անում է, որ յուրաքանչյուր տոն իսկապես տոն դառնա մեր քաղաքում: Դրա վառ օրինակներն են Էրեբունի-Երևանի տոնակատարությունները, ամանորյա միջոցառումները… Առջևում գարնանային գեղեցիկ տոներ, որոնց, իհարկե, արդեն նախապատրաստվում ենք…

-Նոր գործունեությո՞ւնն է պատճառը, որ «հրաժարվել» եք եթերային կյանքից:

-Այո, պատճառը միայն ծանրաբեռնվածությունն է… Երկու տարի աշխատեցի Էրեբունի վարչական շրջանի մշակույթի բաժնում, այնուհետև տեղափոխվեցի քաղաքապետարան: Հատկապես այստեղ գերծանրաբեռնված եմ լինում և չեմ հասցնում նաև հեռուստաեթերին ժամանակ տրամադրել: Իսկ եթերին շա՜տ ժամանակ է պետք, անհրաժեշտ է բծախնդրորեն հետևել արտաքինին, թարմ ուղեղով լինել ու պատրաստված… Բայց, Փառք Աստծո, ուրախ եմ իմ ծանրաբեռնվածության համար, սիրով եմ կատարում իմ աշխատանքը… Իհարկե, եթե ընթացքում լինեն հետաքրքիր մտքեր, գաղափարներ՝ կապված հեռուստատեսության հետ, կյանքի կկոչեմ: Եթերն ինձ համար միշտ էլ հարազատ է…

-Նախկինում համագործակցում էիք Արամեի հետ, նրա մենեջերն էիք… Դուք նաև զարմիկներ եք: Այժմ ձեր հարաբերությունները սահմանափակվում են միայն բարեկամակա՞ն շփումով:

-Այո, գործնական, աշխատանքային շփում չունենք: Մեզ մոտ միայն լավ, բարի, բարեկամական հարաբերություններ են… Այդպես եղել է, կա ու կլինի՝ անկախ ամեն ինչից…

 

-Իսկ գործնական անհամաձայնությունը ձեր հարաբերությունների մեջ խնդիր չառաջացրե՞ց:

-Իհարկե ոչ: Պարզապես մեր պայմանագրի ժամկետը լրացավ ու Արամեն շարունակեց ուրիշ գործընկերների հետ… Մարդիկ մեզ հաճախ կարող են տեսնել միասին, երբ ժամանակ ենք ունենում, շփվում ենք, հանդիպում… Յուրաքանչյուրս իր աշխատանքն է կատարում, ամեն ինչ իր հունով ընթանում է… Եթե կարիք լինի, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Արամեի, նա էլ՝ մեզ համար…

-Արտավազդ, շուտով սիրո տոն է՝ Սուրբ Սարգիս, Վալենտին… Պատրաստվո՞ւմ եք:

-Ճիշտն ասած՝ չեմ հիշում, վերջին անգամ Վալենտինի տոնը երբ եմ նշել, ինձ համար հարազատ է Սուրբ Սարգսի տոնը: Ամեն տարի, որպես սիրո տոն, այդ տոնն եմ նշում…Միշտ պատրաստվում եմ մեծ սիրով, խանդավառությամբ… Սիրո տոնը պետք է սիրով դիմավորել…

-Երիտասարդները այդ տոնին ընդառաջ՝ աղի բլիթ են ուտում: Երբևէ փորձե՞լ եք:

-Երբեք չեմ կերել, որովհետև հաստատ չեմ կարող ջուր չխմել մինչև քնելս… Ավելի լավ է ընկերներս, հարազատներս ուտեն ու ինձ պատմեն՝ ի՞նչ երազ տեսան…

-Իսկ երբևիցե լսե՞լ եք պատմություններ իրականացած երազի մասին:

-Նման բան չեմ հիշում, բայց չեմ էլ բացառում, որ այդ երազը կարող է իրականանալ… Սուրբ Սարգիսը սիրո արագահաս բարեխոս է, որին շատ-շատ երիտասարդներ հուսով ու հավատով են սպասում: Իսկ երբ ինչ-որ բանի այդ կերպ ես սպասում, անպայման իրականանում է…

-Դե, կարծում եմ, դուք այդ երազի անհրաժեշտությունը չունեք, Ձեզ իրականում «ջուր տվող» կա…

-Անկախ ամեն ինչից՝ աղի բլիթ չեմ ուտում…

-Ասում են՝ որ պատրաստվում եք երկու ամսից ամուսնանալ…

-Չեմ ուզում խոսել անձնականի մասին… Թույլ տվեք այս հարցին չպատասխանեմ: Երբ ամեն ինչ հստակ ու բարեհաջող լինի, բոլորը հաստատ կիմանան… Գիտեք, միշտ էլ տարբեր խոսակցություններ են պտտվում ու դեռ կշարունակեն պտտվել, ես դրան սովոր եմ… Եթե որևէ պաշտոնական ու լուրջ արարողություն լինի, ապա դա անվրեպ չի մնա ոչ-ոքի աչքից…

-Անձնականը ձերն է, համաձայն եմ… Բայց նախկինում չէիք զլանում կիսվել այդ մասին… Միգուցե սնահավա՞տ եք դարձել նախորդ տարվա ընդհատված սիրավեպի պատճառով…

-Ոչ, ես սնահավատ մարդ չեմ…Ուղղակի տարիների ընթացքում մարդիկ փոխվում են, տարբեր են դառնում… Հիմա նախընտրում եմ լռել, ինքս իմ կյանքով ապրել…

-Ի՞նչ եք կարծում՝ զույգերը բաժանվելուց հետո կարող են ընկերություն անել…

-Ես մադկանց այն տեսակին եմ պատկանում, որ ցանկացած պարագայում չի ցանկանում հարաբերությունները փչացնել…Փոքր քաղաքում ենք ապրում, հաճախ հանդիպելու ենք, և չես ցանկանա բացասական լիցքերով տրամադրված մարդկանց հանդիպել… Իմ կյանքում եղել են շատ դեպքեր, որ զգացմունքային շփումը դադարել է, բայց մնացել ենք շատ լավ ընկերներ…

-Ընտանիքում, կին-տղամարդ հարաբերություններում ի՞նչն եք կարևորում:

-Ես ընտանիքի մարդ եմ, սիրում եմ ընտանեկան մթնոլորտ…Միանշանակ հարգանքը, սերը, համերաշխությունն ու նվիրվածությունը միմյանց նկատմամբ. այս ամենը պետք է պահպանվի ընտանիքում, որպեսզի և միմյանց հասկանան, և հաճախակի վեճեր չլինեն… Թող մեկ կամ երկու տարին մեկ նոր ծնունդով շարունակեն կյանքը…

-Ի դեպ, նախորդ տարի դարձաք քեռի: Ինչպիսի՞ն են քեռի-զարմուհի փոխհարաբերությունները…

-Հրաշալի… Չէի պատկերացնում, որ երբ կյանքում նոր մարդ է հայտնվում, մի փոքրիկ էակ, ով քո աչքի առջև է մեծանում, այդքան քաղցր կարող է լինել… Ես ընդհանրապես երեխաների շատ եմ սիրում, բայց որ այսքան կկապվեմ Մարթային՝ չէի պատկերացնում…Ժամերով կարող եմ մնալ իր հետ ու խաղալ… Իսկապես, ինձ համար կյանքում մի լուսավոր բան բացվեց: Նա իմ կյանքում շատ մեծ բան փոխեց… Գիտակցեցի, որ երեխան ընտանիքում ամենակապող, ջերմ օղակն է…

-Արտավազդ, շնորհակալ եմ զրույցի համար և շնորհավորում եմ առաջիկա Սուրբ Սարգիսը…

-Ես ևս շնորհակալ եմ: Շնորհավորում եմ ձեզ և բոլոր սիրահարներին՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ…Թող բոլորը միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով լինեն: Ցանկանում եմ, ընտանիքները, զույգերը երբեք չբաժանվեն: Ցավ եմ ապրում, երբ տեսում եմ սերը կարճ կյանք է ունենում… Թող միշտ ապրենք ու արարենք մեր հայրենիքում, մեր հողում, մեր քաղաքում…

 

Արտավազդ Ամիրյանը` սպասվելիք ամուսնության մասին. Life.panorama.am