.jpg)
Ձկնարտադրողները պետության օժանդակության կարիքն ունեն
2013 թ-ի դեկտեմբեր-հունվարի ամիսների շուրջ 30 ձկնային տնտեսությունների վաճառքը 70 տոկոսով կրճատվել է: Aysor.am-ին ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:
Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսներին նկատվել է ձկնամթերքի գների բարձրացում 300-400 դրամով, դա կապված է առաջարկի ու պահանջարկի հետ. շուկայում պահանջարկ կա, սակայն առաջարկը քիչ է. ձկնամթերքի թանկացումը դեֆիցիտի հետ է կապված, նաև՝ շուկայի ցածր գնողունակության:
Նա հիշեցեց, որ 2012-2013 թթ-ին շուկայում լճացում էր և ձուկը իրացվում է երբեմն ինքնարժեքից ցածր, իսկ հետո երբ պահանջարկ կար, ապրանքային ձկնամթերքով չկարողացան ձկնարտադրողները շուկան ապահովել:
Արդեն երկու ամիս է՝ ձկան գինը բարձրացել է և, ըստ Ա. Աթոյանի, ձկան մեծածախ գինը 1600 դրամի սահմաններում է, իսկ այն, որ իրացման կետերում իշխանի տեսակներն իրացվում են 2200-2300 դրամով, դա, ըստ նրա, չի ազդում արտադրողների վրա, իրացման կետերն են այդ գինը որոշում:
Ինչ վերաբերում է ձկնամթերքի արտահանմանը, ապա Արթուր Աթոյանը նշեց, որ այժմ ձկնամթերք է արտահանում միայն «Յունիֆիշ» ընկերությունը, որն, ըստ նրա, դժվարությամբ է դիմանում շուկային:
Նախորդ տարիներին ձկան արտահանման թույլտվություն ունեին 35 ձկնային տնտեսություններ, սակայն տարբեր պատճառներով դրանց թիվը նվազեց, իսկ վերջին շրջանում միայն 8-ն ունեին նման թույլտվություն, որից 4-ի արտահանման արտոնագիրը դադարեցել է` երեք տարի չարտահանելու համար, իսկ մի քանիսի արտահանումը Ռուսաստանի Դաշնության Սննդի անվտանգության տեսչությունն է արգելել:
Որպեսզի դաշտում խնդիրները լուծվի, նա գտնում է, որ պետք է պետական աջակցություն լինի ոլորտի արտադրողներին, շարունակի աշխատել ձկնարդյունաբերության խնդիրներով զբաղվող խորհուրդը, որը գործել էր շուրջ մեկ տարի ու այժմ չի գործում:
Նաև ձկնարտադրողներն առաջարկներ ունեն. Սննդի անվտանգության պետական ծառայության հետ աշխատում են, որպեսզի ստեղծեն արտահանմանն ուղղված աշխատանքային խումբ, որտեղ ներառված կլինեն նաև ՌԴ Սննդի անվտանգության կառույցի աշխատակցիները` հասկանալու համար, թե ինչու է ձկնամթերքը լավ սննդային հատկանիշներով դուրս գալիս Հայաստանից և բացասական արժեքով հայտնվում Ռուսաստանում: Նա նաև կարևորեց, որ այդ աշխատանքները լինեն թափանցիկ, խնդիրները քննարկվեն: