Գոռ Վարդանյան. Նպատակ ունեն սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա
05/02/2014 13:58

Գոռ Վարդանյան. Նպատակ ունեն սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա

ՀՀ «Դուքենդո» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը Facebook-յան իր էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը:

Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:

Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:

Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:

Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը ցավոք սրտի հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:

Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:

Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում:

Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»,-ասված է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հայտարարության համաձայն՝ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 800 գ «ՏՆՏ» տեսակի պայթուցիկ նյութ (Տրոտիլ), «ԴԵՇԱ» տեսակի պայթուցիկ մալուխ, 43 ծխագլանակ, 3 տուփ գործարանային արտադրության «ԿԴ-8» տեսակի պայթուցիչ, 13 սմ երկարությամբ ծխալար, 27 ծխալար, պայթուցիչի 2 լար, «Պիռոպատրոնիի ՊՊ-9» տեսակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 156 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ՏՕԶ-8» տիպի 41 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, 1 լուսային փամփուշտ, 1 պահունակ, ինքնաձիգի 2 դետալ, 2 զրահաբաճկոն, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 19 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 9 ուսումնական փամփուշտր, «Ֆ-1» տիպի ուսումնական 2 նռնակ, տարբեր տեսակի մարտական և ուսումնական 9 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7 պարկուճ, «ՏՕԶ-8» տիպի ոչ մարտական 2 փամփուշտ, 1 հատ գնդակ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական 77 փամփուշտ և տարբեր 15 տեսակի կնիք:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

Նախորդող հրապարակում՝ Ոստիկանությունը՝ «Յու-Քեն-Դո» ֆեդերացիայից առգրավված զինամթերքի մասին

Գոռ Վարդանյանի ֆեդերացիան խուզարկել են Թևոսիկի եղբոր սպանության հետ կապված

Նոր մանրամասներ՝ Թևոսիկի եղբոր սպանությունից

Գոռ Վարդանյան. Նպատակ ունեն սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա