Տարածաշրջանային բլոգ. Թուրքական պետությունը չի ազատվում «պետություններից»
05/02/2014 18:41

Տարածաշրջանային բլոգ. Թուրքական պետությունը չի ազատվում «պետություններից»

2012 թ. դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Թունիսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱԶԿ կառավարությանը չի հաջողվել լիովին վերացնել, կազմաքանդել «խորքային պետությունը»: Այս հայտարարությունը հետևեց իշխող կուսակցության ու վարչապետի դեմ դավադրության բացահայտմանը, երբ վարչապետի գրասենյակում հայտնաբերվեցին գաղտնալսող սարքեր:

«Խորքային պետության» գաղափարի շուրջ քաղաքական ու վերլուծական շրջանակներում կրկին քննարկումներ սկսվեցին 2013 թ. գարնան Ստամբուլում սկսված և ողջ Թուրքիայում ամռանը ծավալված Գեզիի դիմադրության ու զանգվածային ակցիաների ժամանակ: Կրկին օրակարգում հայտնվեց Թուրքիայում «խորքային պետության» կենսունակության վերաբերյալ հարցադրումը: 2013 թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված կաշառակերության և խարդախության գործով հինգ տասնյակից ավել մարդկանց միաժամանակյա ձերբակալությունները բավական սրեցին ներքաղաքական իրավիճակը, ինչը լուրջ մարտահրավեր էր ԱԶԿ կառավարությանն ու հատկապես Էրդողանի համար: Վարչապետի և կառավարության համար անակնկալ այդ ձերբակալություններն ու սկսված գործընթացը ԱԶԿ վերնախավը որակեց որպես կառավարությունը տապալելու նախաձեռնություն, իսկ այդ դավադրության մեջ մեղադրվեց ազդեցիկ հասարակական-կրոնական գործիչ Ֆ. Գյուլենը: Էրդողան-Գյուլեն դիմակայությունը բավական թեժ բնույթ ստացավ:

Ներքաղաքական ճգնաժամի ժամանակ օրակարգում հայտնվեց «խորքային պետության» նոր կամ այլընտրանքային մեկնաբանությունը հանդիսացող «զուգահեռ պետության» գաղափարը, որը հանգում է պետության մեջ «ստվերային պետության» զուգահեռ գոյությանն ու երկուսի միջև դիմակայությանը:

Ժամանակակից քննարկումներում «զուգահեռ պետությունն» իրենից ներկայացնում է ոստիկանության ու դատական համակարգում ձևավորված գյուլենական հատված, որը որակվում է որպես «զուգահեռ պետություն պետության մեջ»: 

Տարածաշրջանային բլոգ. Թուրքական պետությունը չի ազատվում «պետություններից»