Սեյրան Օհանյան. Հակառակորդին պատժելու քաղաքականությունը շարունակելու ենք
05/02/2014 18:11

Սեյրան Օհանյան. Հակառակորդին պատժելու քաղաքականությունը շարունակելու ենք

«Հունվարի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողություններից հետո շփման գծում լարվածություն էր, և կրակոցները 5-6 անգամ ավելացել էին: Մենք, բնական է, պիտի պատասխանեինք, սակայն իրավիճակը վերահսկվում է մեր կողմից»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Անհրաժեշտության դեպքում մենք հակառակորդին պատժում ենք և այդ պատժելու քաղաքականությունը մենք շարունակելու ենք»,- ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա նախարարը նկատեց, որ տարեցտարի նոր որակի են բարձրացվում:

«Երկարատև անվտանգության միջավայրի ապահովման խնդրների շրջանակում ժամանակակից սպառազինությունն ու ռազմատեխնիկան համատեղում ենք»,- ասաց Ս. Օհանյանը՝ նկատելով, որ անցյալ տարի ստորագրված համաձայնագրի շրջանակում ևս ռազմատեխնիկական համագործակցությունը բարձարցվել է:

Նոր պայմանավորվածությունների վերաբերյալ Ս. Օհանյանը կոնկրետ անուններ չտվեց, սակայն նշեց, որ դրանք վերաբերում են հեռահար և ճշգրիտ միջոցների ձեռքբերմանը, և այնպիսի համակարգերին, որոնք կապ ունեն հատուկ նշանակության ստորաբաժանումների և հատուկ զորամասերի կարողությունների ընդլայնմանը, ինչը, նախարարի խոսքով, հնարավորություն կտա ոչ միայն պաշտպանվել, այլև՝ անհրաժեշտության դեպքում կանխարգելել:

Սեյրան Օհանյան. Հակառակորդին պատժելու քաղաքականությունը շարունակելու ենք