ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հրադադարի խախտման վրա
06/02/2014 18:50

ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հրադադարի խախտման վրա

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը:

Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա, նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին։

Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և պետք է արժանանան վճռական դատապարտման միջազգային հանրության կողմից։

Երկուստեք կարևորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման և միջադեպերի բացառելու անհրաժեշտությունը։
 

ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հրադադարի խախտման վրա