Օլիմպիական շարժումը կարող է լուրջ փոփոխություններ կրել
06/02/2014 18:57

Օլիմպիական շարժումը կարող է լուրջ փոփոխություններ կրել

Սոչիում ընթացող ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանի երկրորդ օրվա աշխատանքը տևել է 12 ժամ: Քննարկումներն ու առաջարկությունները հեղափոխական բնույթ են կրել: Երկար ելույթներին փոխարինել է մտքերի հակիրճ փոխանակությունը: Մի խոսքով` եթե առաջակությունների նույնիսկ չնչին տոկոսը կյանքի կոչվի, ապա օլիմպիական շարժումը լուրջ փոփոխություններ կկրի:

Նշենք առաջարկներից մի քանիսը: Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդն ասել է, որ անհրաժեշտ է խաղերը երկարացնել մինչև երեք շաբաթ, ծրագրում ավելացնել մարզաձևերի թիվը, որի արդյունքում կավելանա նաև մասնակիցների քանակը:

Անգլիայի արքայադուստր Աննան առաջարկել է փոփոխություն մտցնել խաղերի բացման արարողության ծրագրում` հավելելով, որ նախկինում ուշադրության կենտրոնում եղել են մարզիկները: Նրանք հիմա մղվել են հետին պլան, քանզի կարևորվում է շոուն: Արքայադստեր խոսքին արձագանքել է ՄՕԿ-ի նախագահ Բախը` նշելով, որ թագավորական ընտանիքին նման պարագայում այլևս չի վիճակվի ցատկել պարաշյուտով: Բախը նկատի է ունեցել Ելիզավետա երկրորդ թագուհու պարաշյուտային «սավառնումը» Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նորընտիր անդամ, սահնակային սպորտից օլիմպիական չեմպիոն, բրիտանացի Ադամ Պենգիլլին առաջարկել է թոշակավորել գործուն սպորտին հրաժեշտ տված օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին:

Բազում առաջարկներից է նաև դոպինգի դեմ պայքարի նոր եղանակների ստեղծումը` ընդհուպ մինչև գաղտնալսումները: Առաջարկվել է նաև օլիմպիական խաղերն անցկացնել միևնույն երկրների տարբեր քաղաքներում կամ տարբեր երկրներում: Իհարկե, այս դեպքում նույնիսկ միևնույն երկրի պատվիրակության անդամներին չի հաջողվի միասին ապրել օլիմպիական ավանում:

Նստաշրջանն այսօր շարունակում է իր աշխատանքը:

Օլիմպիական շարժումը կարող է լուրջ փոփոխություններ կրել