.jpg)
Թուրք-իրանական հարաբերություններում «գազային սկանդալ» է հասունանում
Թուրքիան Իրանից պահանջում է 2,5 միլիարդ դոլարի փոխհատուցում: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը, վկայակոչելով ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Էզաթօլլահ Յուսեֆիան Մոլայի խոսքերը, նշում է, որ իրանական գազի բարձր գնի և արտահանման ծավալների նվազման պատճառով Թուրքիան ընդդեմ Իրանի միջազգային դատարան բողոքի հայտ է ներկայացրել և 2,5 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում:
Ըստ իրանական աղբյուրի՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, անդրադառնալով Իրանի գազի գնի առկա տարաձայնություններին, մասնավորապես նշել է. «Մենք իրանցիներին տեղեկացրել ենք, որ գազի արտահանման գինը բարձր է, հետևաբար այդ հարցի շուրջ բանակցելուց խուսափելու դեպքում` բողոք կներկայացնենք Միջազգային արբիտրաժ»:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ օրերս Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկված կարևորագույն հարցերից մեկը եղել է իրանական գազի վաճառքի հարցը:
Նշենք, որ Թուրքիան Իրանից հիմնականում ներկրում է գազ և նավթ. Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով: Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի: