«Ոստիկանների հանցավոր վարքագծի պատճառով ծառայության վարկանիշի անկում կա»
07/02/2014 19:15

«Ոստիկանների հանցավոր վարքագծի պատճառով ծառայության վարկանիշի անկում կա»

Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրել է, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:Այս մասին հայտնում ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության պետը դժգոհություն է հայտնել, որ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրել, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար:

Վլադիմիր Գասպարյանը փաստել է, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները:

Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով:

Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգել է  մայրաքաղաքում սկսել փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:  

«Ոստիկանների հանցավոր վարքագծի պատճառով ծառայության վարկանիշի անկում կա»