Անի Քոչարյան. Մինչև երբ կդիմանան դերասանները, չեմ կարող ասել
08/02/2014 16:36

Անի Քոչարյան. Մինչև երբ կդիմանան դերասանները, չեմ կարող ասել

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Անի Քոչարյանը:

-Անի´, ի՞նչ է Ձեզ համար դերասանությունը:

-Իմ մասնագիտությունն ինձ համար առաջին հերթին հոգեվիճակ է, ապրելակերպ, կախվածություն այդ մասնագիտությունից, հետո միայն աշխատանք:

-Կախվածությո՞ւն:

-Այո´, տարիների ընթացքում կախվածություն ես ձեռք բերում ու ոչ մի կերպ չես կարողանում ազատվել այդ մասնագիտությունից. երկու անգամ երկրից մեկնելով՝ փորձել եմ ազատվել այդ կախվածությունից, բայց հասկացել եմ, որ չեմ կարող և հետ եմ եկել: Դերասանի մասնագիտությունը դառնում է անհրաժեշտություն՝ հացի ու ջրի նման մի բան:

-Իսկ այդ հոգեվիճակը, կախվածությունն, ինչպես Դուք նշեցիք, ավելի՞ է հեշտացնում Ձեր գործը:

-Իհարկե, հեշտացնում է. երբ այն քեզ համար զուտ աշխատանք չէ, այլ ապրելակերպ, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում: 

-Մի անգամ նշել եք՝ կարևորում եք և´ թատորը, և´ հեռուստատեսությունը, կասե՞ք՝ դրանցից որն ինչ է տալիս դերասանին:

-Թատրոնն ու հեռուստատեսությունը տարբեր արվեստներ են. թատրոնը կենդանի արվեստ է, իսկ կինոն, հեռուստատեսությունը՝ լրիվ այլ: Հեռուստատեսությունը, բնականաբար, տալիս է ճանաչում՝ ունենալով ավելի մեծ լսարան, այժմ շատ դերասան-դերասանուհիներ, ովքեր 30-40 տարի խաղացել են թատրոնում, դառնում են ճանաչված հեռուստատեսության շնորհիվ:

-Ինչի մասին միշտ ցավով եք խոսել…

-Այո´, ցավով եմ նշել, որովհետև ցանկանում եմ, որ մարդիկ հաճախեն թատրոն և դերասանին տեսնեն բեմում, չէ՞ որ սերիալներում 1-2 տարի միևնույն կերպարում դերասանին տեսնելու փոխարեն, թատրոնում հնարավոր կլինի կարճ ժամանակում նրան տեսնել ամենատարբեր կերպարներում և հոգեվիճակներում:

-Անի´, իսկ Ձեզ՝ որպես պրոֆեսիոնալ դերասանի, մեր այսօրվա հանդիսատեսը գոհացնո՞ւմ է:

-Այո՜. եթե Դուք կողքից տեսնեք՝ ինչպես է նա դիտում ներկայացումը, ի՜նչ լարվածությամբ, ինչպես է դառնում «մասնակիցն» այդ ներկայացման, ինչպիսի՜ արձագանքներ է լինում ոչ միայն ներկայացման վերջում, այլ նաև ընթացքում, ապա կհասկանաք՝ մեր հանդիսատեսն իսկապես լավն է:

-Մարմնավորե՞լ եք կերպարներ, որոնց հետ ընդհանրություններ եք ունեցել:

-Ո´չ, խաղացածս կերպարների հետ ընդհանրություններ չեմ ունեցել, բայց սիրում եմ այն բոլոր կերպարները, որոնք ես խաղացել եմ և դա արել եմ շատ մեծ սիրով:

-Իսկ որո՞նք են եղել Ձեզ ամենահոգեհարազատ կերպարները:

-Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ». այն միշտ առանձնացրել ու շատ եմ սիրել:

-Ինչո՞ւ:

-Այդ ներկայացման մեջ երկար տարիներ խաղացել եմ լուսահոգի Գալյա Նովենցի հետ, ընդհանրապես պիեսը հրաշք պիես է, բեմադրությունն էլ է եղել նույնքան հաջողված: Շատ եմ ափսոսում, որ տիկին Գալյայի մահից հետո այն չենք խաղում, բայց այն շարունակում է մնալ իմ «խաղացանկում»:

-Ձեզ համար ավելի հետաքրքիր է ժամանակակից հերոսուհիների մարմնավորե՞լ, թե՞ պատմական կերպարների:

-Երկու դեպքում էլ հետաքրքիր է, սիրում եմ նաև պատմական կերպարներ: Շատ կուզեի պատմական ինչ-որ հետաքրքիր գործ խաղալ:

-Որպես դերասանուհի՝ ինչի՞ պակաս եք զգում:

-Այսօր դերասանին շատ բաներ չի թույլատրվում, այլ երկրներում դերասանին լրիվ այլ կերպ են ընդունում ու գնահատում, իսկ մեզ մոտ շատ բան հարթ չի գնում:

-Իսկ դա կարո՞ղ է Ձեզ դրդել, որ մի օր հեռանանք հայրենիքից:

-Մեր բոլոր դերասանները, ովքեր աշխատում են թատրոններում և չեն հեռանում երկրից, առանց բացառության, նվիրյաներ են, բայց թե մինչև երբ կդիմանան ու ինչքան, չեմ կարող ասել:

-Մի առիթով ասել եք՝ Ձեր ամենամեծ ձեռքբերումը Ձեր ընտանիքն է, ըստ Ձեզ՝ ինչն է ընկած ընտանիքի ստեղծման ու պահպանման հիմքում:

-Հիմքում Սերն է, իսկ պահպանման համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք, միմյանց հասկանալու կարողություն:

-Կարծում եմ՝ այդ փոխադարձ ասվածն այդքան էլ այդպես չէ. կնոջ ուսերին ավելի մեծ բեռ է դրված…

-Բնականաբար, այսօր կինն է պահպանում ընտանիքը և եթե ցանկանա, մեկ վայրկյանում այն կքանդի, այդ առումով, իսկապես, կեցցե´ն մեր հայ կանայք:

-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում տղամարդու մեջ առհասարակ:

-Սիրելու, հավատարիմ ու նվիրված լինելու ունակությունը: Առաջին հերթին Սերը, եթե այն չլինի, ցանկացած, անգամ ամենապարզ ժպիտի մեջ հնարավոր է վատ բան տեսնել, և դա կազդի քեզ վրա, իսկ եթե կա Սեր, ապա ամեն ինչ էլ կհարթվի:

 

Անի Քոչարյան. Մինչև երբ կդիմանան դերասանները, չեմ կարող ասել