Արտագնա աշխատանքի մեկնածները մնացել են Կազբեկի վրա. Նրանց չեն թողնում ՌԴ
08/02/2014 10:25

Արտագնա աշխատանքի մեկնածները մնացել են Կազբեկի վրա. Նրանց չեն թողնում ՌԴ

«Հրապարակի» տեղեկություններով, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող բավականին մեծ թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի «վրա», նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս։ Պատճառը վերջերս ՌԴ-ի կողմից ընդունված վիզային նոր ռեժիմն է, որը 90-օրյա ժամկետ է սահմանում միգրանտների և արտագնա աշխատանքի մեկնողների համար։ Այսինքն՝ 3 ամիս մնալուց հետո օտարերկրյա քաղաքացին պետք է լքի Ռուսաստանի տարածքը և կարող է վերադառնալ միայն 90 օր անց։ «Հիմա ՌԴ սահման հասած հայ «խոպանչիներին», որոնք եկել էին տուն՝ Ամանորը նշելու, ասել են, որ Ռուսաստան մուտք կարող են գործել ապրիլի 26-ից հետո։ Վերջիններս չգիտեն ինչ անել, հե՞տ գան, երբ հետ գալու փող էլ չունեն, սպասե՞ն՝ ինչքա՞ն ու ինչպե՞ս»:

Իսկ «Ժողովուրդ» թերթը թեմայի շուրջ գրել է «ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացման առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները 180 օրվա ընթացքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 90 օր: Ու հիմա Բաղդասարյանը խնդրում է, որ ՀՀ քաղաքացիների համար այս պայմանները մեղմվեն, և հայերը կարողանան երկար ժամանակ մնալ ՌԴ-ում:

Փաստորեն, սրանով Ա. Բաղդասարյանը անուղղակի կերպով խոստովանում է Հայաստանի թուլությունը, երբ ՀՀ քաղաքացիներն իրենց երկրում աշխատանք չեն գտնում ու մեկնում են ՌԴ: Ավելին, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն անուղղակի կերպով խրախուսում է արտագաղթն ու նպաստում դրա զարգացմանը»:

Արտագնա աշխատանքի մեկնածները մնացել են Կազբեկի վրա. Նրանց չեն թողնում ՌԴ