.jpg)
Այսօր Ժյուլ Վեռնի ծննդյան օրն է
Ֆրանսիացի գրող և աշխարհագետ Ժյուլ Վեռնը ծնվել է 1828 թ. փետրվարի 8-ին, նա գիտաֆանտաստիկական վեպի սկզբնավորողներից է, սովորել է Փարիզի համալսարանում, ստացել իրավաբանի մասնագիտություն: 1851–1854թթ. եղել է «Քնարական թատրոնի» տնօրենի քարտուղարը, 1856–1864թթ.՝ ֆինանսական գործակալ:
Գրական գործունեությունն սկսել է 1849թ., գրել է պիեսներ: 1863թ. լույս է ընծայել առաջին՝ «Հինգ շաբաթ օդապարիկով» վեպը, ապա՝ «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը» (1864թ.), «Երկրից դեպի լուսին» (1865թ.), «Նավապետ Գրանտի զավակները» (1867–1868թթ.), «Լուսնի շուրջը» (1869թ.), «20 000 մղոն ջրի տակ» (1869–1870թթ.), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872թ.), «Խորհրդավոր կղզին» (1875թ.), «Տասնհինգամյա նավապետը» (1878թ.), «Ռոբուր նվաճողը» (1886թ.) և այլ գիտաֆանտաստիկ ու արկածային վեպեր (թվով՝ 66), վիպակներ, պատմվածքներ, որոնք հարուստ են անհավանական հրաշքներով, Երկիր մոլորակի և տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիտական ռոմանտիկայով:
Նրա հերոսները վեհանձն, համարձակ, խիզախ ու ազնվասիրտ մարդիկ են, հավատում են բարու հաղթանակին և պայքարում են բռնության ու ազգային ճնշման դեմ: Վեռնը համակրել է ուտոպիստ սոցիալիստներին և Փարիզի կոմունայի (1871թ.) գործիչներին:
Վեռնը գրել է նաև աշխարհագրությանը և աշխարհագրական հետազոտությունների պատմությանը վերաբերող աշխատություններ: Գրողը պայքարել է գիտության նվաճումներն ի շահ հարուստների օգտագործելու դեմ («XXIX դարում: Ամերիկյան լրագրողի մեկ օրը 2889 թվականին», 1889թ., պատմվածք, «Լողացող կղզին», 1895թ., վեպ): «Բեգումի 500 միլիոնը» (1879թ.), «Ուղղությունը՝ դեպի դրոշը» (1896թ.), «Աշխարհի տիրակալը» (1904թ.) վեպերում պատկերել է համաշխարհային տիրապետության ձգտող մարդատյաց և գիտության նվաճումները հանցավոր նպատակներով օգտագործող բռնակալների կամակատար գիտնականների կերպարներ:
Վեռնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են կինոնկարներ («Խորհրդավոր կղզին», 1902–2005թթ-ին՝ 12 անգամ, «20 000 մղոն ջրի տակ», 1907–2007թթ.՝ 8 անգամ, «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը», 1907–2008թթ.՝ 8 անգամ, «Միխայիլ Ստրոգով», 1908–1999թթ.՝ 15 անգամ), «Աշխարհի շուրջը 80 օրում», 1913–2004թթ.՝ 9 անգամ, 1956թ. արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին, «Նավապետ Գրանտի որոնումները», 1936թ., 1985թ.՝ բազմասերիանոց, «Տասնհինգամյա կապիտանը», 1945, 1971 և 1986 թթ. և այլն):
Վեռնի անունով են կոչվել խառնարան Լուսնի վրա, Եվրոպայի տիեզերական գործակալության առաջին բեռնատար տիեզերանավը: