Տարածաշրջանային բլոգ. Ամոթի պարկը, հատուկջոկատայինները և այցը Թուրքիա
08/02/2014 19:48

Տարածաշրջանային բլոգ. Ամոթի պարկը, հատուկջոկատայինները և այցը Թուրքիա

Վերջերս Անկարա է ժամանել ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ռայմոնդ Օդիերնոն, որին ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ն. Օզելը: Այցը գրեթե չի լուսաբանվել թուրքական մամուլում և միգուցե հատուկ է այդպես կատարվել: Գեներալ Օդիերնոյի այցը կարող էր մեծ աղմուկ բարձրացնել թուրքական հանրության շրջանում, որի անունը կապվում է Թուրքիայի համար ցավալի մի միջադեպի հետ, որը ժամանակին հենց թուրքերի կողմից որակվել է նաև «ստորացուցիչ ու ամոթալի» Թուրքիայի համար: Միջադեպի պատմությունը հետևյալն է.

2003 թ.-ին, երբ սկսվեց Իրաքյան պատերազմը և Թուրքիան մերժեց տարածք տրամադրել ՆԱՏՕ-ին, թուրքական հատուկ նշանակության ջոկատները ինքնուրույնաբար փորձում էին ներխուժել Հյուսիսային Իրաք` որոշակի գործողությունների համար, առանց դաշնակիցների հետ իրենց նպատակները համաձայնեցնելու: Որոշ դիվերսիոն գործողություններից հետո, սակայն թուրքական հատուկ նշանակության մի ջոկատ Քիրկուկի մոտակայքում բռնվում է ամերիկյան ուժերի կողմից: Սակայն, դա, պարզվում է, ամերիկացիների կողմից դեռ նախազգուշական կասեցում էր:

Ավելի ուշ` 2003 թ. հուլիսի 4-ին, հյուսիսիրաքյան Սուլեյմանիե քաղաքում հենց նույն ամերիկյան գեներալ Օդիերնոյի հրահանգով, ով զբաղեցնում էր Հյուսիսային Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատարի պաշտոնը, ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ու Հյուիսային Իրաքի քրդական զինվորների կողմից ձերբակալվում են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի 12 սպաներ ու ենթասպաներ, այդ թվում նաև` տեղի թուրքմեններ: Ամերիկյան ստորաբաժանման մոտենալու մասին տեղեկատվություն ունենալուն պես՝ թուրք զինծառայողները կապվում և տեղեկացնում են թուրք-իրաքյան սահմանին գտնվող՝ Սիլոփի շրջանում տեղակայված Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի օպերատիվ շտաբ, որտեղից ստանում են «վատ մտադրությունների ու հարձակման դեպքում պատասխան տալու» հրահանգ, սակայն թուրքական հատուկջոկատայինները նախընտրում են չդիմել պատասխան գործողությունների և հանձնվում են: Թուրք հատուկջոկատայիններին ձերբակալում են, գլխներին պարկեր հագցնում և տանում Բաղդադ:

Այս միջադեպից հետո Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար Դ. Պետրեուսը, ով հետագայում զբաղեցնում էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի պաշտոնը, Թուրքիայում կնքվում է «պարկային գեներալ» անվամբ: Տարիներ հետո Պետրեուսը Թուրքիա կատարած այցի ժամանակ կիսահեգնական ձևով հայտարարում է, որ այդ հրահանգը (պարկեր հագցնելու) տրվել է գեներալ Օդիերնոյի կողմից, իսկ այս անգամ վերջինը նախընտրեց ուղղակի լռել: 

Տարածաշրջանային բլոգ. Ամոթի պարկը, հատուկջոկատայինները և այցը Թուրքիա