.jpg)
Դա անցած էտապ է, թերթված էջ. Դավիթ Թուջարյանը՝ Լիլիթ Կարապետյանի մասին
Կյանքը թելադրող ուժ ունի, նա է մեզ հուշում՝ երբ և ինչով զբաղվել: Աստված տա, որ այդ հուշումները ուրախ առիթով լինեն ու մեծ գործունեության նպաստեն: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Դավիթ Թուջարյանն է, ով փոխեց իր կյանքը ընդամենը ամիսների ընթացքում՝ ելնելով հոգեվիճակից ու կյանքի թելադրանքից:

-Դավիթ, բավական ժամանակ է՝ լուռ եք: Ինչո՞ւ:
-Այո, արդեն երևի երկու տարուց ավելի կլինի, որ լուռ եմ: Երբ մայրս հիվանդացավ, չէի կարողանում իմ գործով զբաղվել, հոգեվիճակի խնդիր էր: Արդեն տարուց ավելի է, որ նրան կորցրել եմ: Երևի կամաց-կամաց կերևամ, կամ չեմ երևա, չգիտեմ:
-Ցավում եմ կորստի համար: Ինչո՞ւ չեք երևա, որոշել եք երգարվեստը թողնե՞լ:
-Ոչ, չեմ որոշել թողնել, պարզապես դեռ տրամադրված չեմ վերադառնալ այն ընթացքին, որում եղել եմ: Հոգեվիճակս դրան չի տրամադրում: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:
-Փաստորեն հիմա պարապուրդի մե՞ջ եք, ոչնչով չե՞ք զբաղվում:
-Մայրս՝ Գայանե Աստվածատրյանը, ինձ համար երգեր էր գրում: Իմ վերջին ալբոմում իր գրված երգերն են: Կյանքի վերջին երկու-երեք ամսում նույնպես ստեղծագործեց, բայց հոգևոր երգեր: Դրանք հինգն են, որոնց ցանկանում եմ անպայման կյանքի կոչել: Մի երգի գործիքավորումն արդեն կատարել եմ, պետք է ձայնագրվեմ և հետաքրքիր տեսահոլովակով ներկայացնեմ: Երգը կոչվում է «Ներիր», ներկայացնում է, թե ի՞նչ կյանքով պետք է ապրի քրիստոնյա ազգը:
-Միգուցե որոշեք հոգևոր երգերի ձայնասկավառա՞կ պատրաստել:
-Մեծ ցանկություն ունեմ նման դիսկ պատրաստելու, պարզապես դեռևս հնարավորություն չունեմ: Դա կոմերցիոն բնույթ չպետք է կրի, չի վաճառվելու: Շատ եմ ուզում մորս գրած այդ հինգ երգերը կյանքի կոչել, նաև մեր հոգևոր երգարանից կօգտվեմ, որպեսզի դիսկում մոտ 12 երգ լինի: Հոգևոր երգը հենց այնպես չես կարող երգել, եթե երգում ես, նշանակում է՝ Աստված մի բան հուշել է: Փառք Աստծո, ես հիմա այդպես եմ լցված, այդ հոգեվիճակում եմ: Այս մասին առաջին անգամ եմ կիսվում լրատվամիջոցների հետ, քանի որ գործս կիսատ է: Տեսնենք, ինչ կլինի, իրականացնելու համար ֆինանսներ և հովանավորներ են պետք: Համենայնդեպս, արդեն սկսել եմ աշխատանքները: Մարդու հոգուն կպնող երգեր են, կոմերցիոն չեն, ծնունդների ու քեֆերի, գինովնալու համար չեն:
-Նախկինում ակումբում, ռեստորաններում երգում էիք: Որոշել եք հրաժարվե՞լ այդ վայրերից:
-Ակումբներում չեմ ուզում, բայց ռեստորաններում գուցե դեռ աշխատեմ, չգիտեմ:

-Երգելը ձեր մասնագիտությունն է: Այս ընթացքում, երբ դրանով չեք զբաղվում, ինչպե՞ս եք կարողացել ընտանիք պահել:
-Մի պահ ամբողջովին ներփակվել էի: Մտերիմներս ասացին, որ պետք է աշխատեմ, ցրվեմ: Մի փոքր ժամանակահատված ակումբում աշխատեցի, հետո զգացի, որ չի ստացվում, մթնոլորտը իմը չէր: Մեկնեցի Մոսկվա՝ բիզնեսի նպատակով:
-Բիզնեսը ստացվե՞ց:
-Չէ: Գիտեք, ես առևտրային բաներ չեմ սիրում, իմ մեջ արվեստի շունչը շատ է: Չկարողացա կողմնորոշվել՝ ինչ անել, ինչ չանել: Հիմա հարսանիքների կամ այլ առիթների հրավերներով գնում եմ ու դրանով կարողանում եմ ապրել, Փառք Աստծո, բայց: Ամեն ինչ Աստծո վրա եմ թողել, հատուկ պլաններ չունեմ: Դժվար ու ծանր շրջան էր իմ կյանքում, ինչն ինձ լրիվ «շարքից հանեց»: Ամուսնությունից հետո կամաց-կամաց կյանքի եմ կոչվում, շարունակում եմ ապրել, ստեղծագործել:
-Ամուսնությունը ձեր կյանքում ի՞նչ փոխեց:
-Նորմալ մարդու ընթացք ստացա: Ամեն մարդ պետք է ստեղծի ճիշտ ընտանիք, ունենա հասկացող, հավատարիմ կին:
-Ձեր կինը ի՞նչ մասնագիտություն ունի, աշխատո՞ւմ է:
-Մասնագիտությամբ իրավաբան է, բայց չի աշխատում: Նաև շատ լավ ձայն ունի, շատ լավ է երգում, թեպետ երբեք բեմերում չի հայտնվել:
-Միգուցե օգնե՞ք նրան այդ հացում:
-Մտածում եմ: Գուցե մի օր միասին մի գործ պատրաստենք:
-Դավիթ, Սասունցի Դավիթը ինչո՞ւ դարձավ Դավիթ Թուջարյան…
-Դա նախագիծ էր, որն ավարտվեց: Ցանկացա, որ մարդիկ մի քիչ էլ իմ ազգանունով ինձ ճանաչեն:
-Տեսանելի երիտասարդ եք, բեմի մարդ: Դա ընտանիքում խանդի առիթ չի՞ դառնում:
-Ոչ, որովհետև դա ինձանից էլ է կախված: Ես էլ ինձ նման բան թույլ չեմ տա:

-Արդեն համալրում սպասվո՞ւմ է ընտանիքում, թե ոչ:
-Առաջ Աստված, երբ նորություն լինի, կասեմ:
-Դուք որդի ունեք: Վերջերս խոսեցինք Լիլիթ Կարապետյանի հետ: Իմացանք, որ ամուսնությունից հետո ձեր տղային հազվադեպ եք այցելում:
-Այդ հարցին չեմ ցանկանում բոլոր հարցազրույցներում անդրադառնալ, դա անցած էտապ է, թերթված էջ: Իսկ տղաս երեկ 2 օր առաջ է եղել մեր տանը: Մեր կապը պարտադիր է, չի կարող ընդհատվել: Պարզապես ամուսնությունից հետո 5 ամսով մեկնել եմ Մոսկվա, Կարենչիկն էլ Ամերիկայում էր մի քանի ամիս: Բնականաբար, չէինք կարող հանդիպել: Վերադարձից հետո անմիջապես զանգել, գնացել ու տղայիս բերել եմ: Երեխան հոր ներկայությունը պետք է զգա, նա մեղավոր չի ոչնչում:
-Ինչպե՞ս են ձեր կնոջ և փոքրիկի հարաբերությունները:
-Նորմալ, շատ լավ:
-Նրա ընտանիքը ինչպե՞ս վերաբերեց, որ որդի ունեք:
-Շատ լավ: Երբ մարդու կյանքում ինչ-որ բան չի ստացվում, չի նշանակում, թե պետք է ուրիշ ընտանիք չունենա: Դա հայկական, կարծրացած մտածելակերպ է, սահմանափակ մարդիկ են այդպես մտածում: Ճիշտ է, ես էլ չեմ ցանկանա, որ իմ զավակը մի օր այդ կարգավիճակում հայտնվի, բայց երբ ինչ-ինչ պատճառներով նման ճակատագրի ես հանդիպում, պետք է կարողանաս կյանքը շարունակել, լինել առավել երջանիկ: Իմ պարագայում ինձ շատ ճիշտ են հասկացել և սիրել են: Փոխադարձ է մեր սերը:
-Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր կնոջը:
-Նրան շատ փոքրուց եմ ճանաչում: Ընտանիքներով շատ մտերիմ ենք, գրեթե մեկ տարի առաջ գնացի նրա հետևից՝ Մոսկվա ու բերեցի իրեն Հայաստան: Ինձանից նեղացած էր, պետք է ավելի շուտ գնայի, բայց մի քանի ամիս հետաձգվեց: Ես էլ որոշեցի, որ պետք է անակնկալ անեմ ու առանց տեղեկացնելու՝ գնամ նրա ետևից:
-Որքան հասկացա, տարիքային տարբերություն կա ձեր մեջ: Չի՞ խանգարում իրար ճիշտ հասկանալուն:
-Այո, իրենից մեծ եմ ուղիղ 12 տարի: Ես անընդհատ մարմնամարզությամբ եմ զբաղվում, որ շատ մեծ չերևամ (ծիծաղելով): Խնդիրներ չեն առաջանում, մենք իրար շատ լավ ենք հասկանում: