.jpg)
Միայնակ հայրեր. Միայնակ թոշակառու ու միայնակ հայր` արդեն 5 տարի
Տաթևն ու Դավիթը երկվորյակներ են` 12 տարեկան: Կեսօրից հետո դպրոցի մոտ հայրիկից բացի նրանց նաև մենք ենք սպասում: Տաթևը բարևելիս ժպտում է, եղբայրը հակառակը` ցույց է տալիս, որ մեր ներկայությունը բնավ պարտադիր չէ ու բոլորից առաջ ընկած քայլում:
-Իրենց մասին ձեզ ասել էի ,- Դավիթի հետևից մի փոքր ձայնը բարձրացնելով ասում է հայրը:
Երեխաները լուռ են: Իմ բոլոր հարցերին պատասխանում են կարճ, խուսափողական: Հայրն անհանգստանում է, ես հայացքով ցույց եմ տալիս, որ ամեն ինչ կարգին է: Դպրոցից տուն ճանապարհն անցնում ենք ոտքով, բավական մոտ է:
.jpg)
Մելիքսեթին` երեխաների հորը, նախկինում մեկ անգամ եմ տեսել, մի քանի անգամ էլ` խոսել հեռախոսով: Նա առաջինն էր, ով իմ բազմաթիվ զանգերից հետո, լսելով թե ինչի մասին եմ ուզում գրել, չանջատեց հեռախոսն ու բարեհամբույր պատասխանեց զանգիս, հետո նաև համաձայնեց, որ այցելենք իրենց:
Նա միայնակ հայր է: Կինը հանկարծամահ է եղել 5 տարի առաջ` 7-ամյա երկվորյակներին թողնելով նրա խնամքին:
Մեր քաղաքում ապրող միայնակ հայրերին գտնելու համար ամիսներ պահանջվեցին: Ո՛չ քաղաքապետարանում, ո՛չ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ոչ որևէ այլ տեղ, դուք չեք գտնի նրանց ամբողջական տվյալները: «Միայնակ հայր» իրավական հասկացություն չկա, հետևաբար նրանց չեն փնտրում, չեն գտնում ու առավել ևս առանձին թղթապանակում չեն հաշվառում: Եթե թաղապետարաններում գտնեք Սոցիալական բաժնի մի բարի աշխատակցի, նա կլինի միակը, ով կօգնի այս հարցում: Բոլոր համայնքներում առաձնին –առանձին փնտրում ենք ու հավաքում հասցեների ու հեռախոսահամարների մի ցուցակ:
Նրանց մեծ մասը հեռախոսով հազար ու մի բան է պատմում. իրենց գլխով անցածը, այն թե ինչքան դժվար է առանց մոր երեխաներ մեծացնել, ինչպես է ամեն օր բախվում զանազան խնդիրների, ինչպես այսինչ կամ այնինչ հաստատությունը կամ անձը հաշվի չառան իրենց միայնակ լինելու փաստը և այլն և այլն, բայց հարցազրույց տալ չեն ուզում, լուսանկարների մասին խոսելն ավելորդ է:
Նրանցից ոմանք, այնուամենայնիվ, համաձայնում են խոսել: Այսօրվանից փոքրիկ շարքով կպատմենք նրանց մասին: Մեր առաջին հերոսը Մելիքսեթ Մկրտչյանն է:
.jpg)
Նախորդ օրը Տաթևն ու Դավիթը ծննդյան օրն են նշել: Սեղանի մի անկյունում երեխաների նվերներն են` դեռ փաթեթներում:
-Դասընկերների մայրիկները իմացել են` ինչ են ուզում: Եկան շնորհավորեցին: Շատ լավ ծնողներ են: Մտերիմ են մեզ հետ,-պատմում է հայրն ու շարունակում,- երեխաներն էլ են շատ կապված: Մի քանի օր առաջ Տաթևի ընկերուհիներից մեկը մեքենայի տակ էր ընկել: Ուշքի գալուց հետո ոչ մեկի հետ չէր խոսում, միայն Տաթևին տեսնելուց հետո խոսեց: Շատ են ասում, որ ինքը դրական էներգիա ունի, համել ավելի ակտիվ է, Դավիթը տենց չի, չէ՞ Դավ: Տաթևն առավտյան հեշտ արթնանում է, իսկ Դավիթը` չէ:
.jpg)
Մկրտչյանների ընտանիքում առավոտն հենց այդպես էլ սկսվում է` Դավիթին արթնացնելով, հետո դպրոց: Երեխաներին դպրոց ճանապարհելուց հետո Մելիքսեթը գնում է աշխատանքի` Արաբկիր վարչական շրջանի հաշմանդամների ասոցիացիա: Ասոցիացիայի նախագահն է:
-Աշխատավարձ չեմ ստանում: Մեր եկամուտը թոշակն է ու երեխաների 16 հազար դրամը: Ասոցիացիան հաշմադամություն ունեցող մարդկանց է օգնում: Արդեն քանի տարի է` այնտեղ եմ աշխատում: Ես թոշակառու եմ, էս տարիքում գործ գտնելը հեշտ չի, իսկ այնտեղ ընկերներ ունեմ, դուրս եմ գալիս, շփվում, ժամանակն անցնում է մինչև երեխաներն ավարտում են դասը:
.jpg)
Հետո դասերին պատրաստվել, խաղալ, կարգի բերել տունը: Մելիքսեթը խոստովանում է, որ միայնակ հոր համար ամենադժվար հարցերից մեկը կենցաղային խնդիրներն են, որտեղ կանանց միջամտություննն անհրաժեշտություն է: Բարեբախտաբար, այս հարցում օգնության է հասնում տիկին Հասմիկը` Մելիքսեթի քույրը:
Իսկ ամենապահանջվող բանը համբերությունն է:
-Հեշտ չի: Եթե ուրիշ ժամանակ շատ բան աննկատ անցնում էր, հիմա այլ ուշադրություն է պետք, բացը լրացնելու, սխալներ չանելու համար: Գլխավորը, որ առողջ մնամ ու հոգ տանեմ նրանց մասին, մինչև չափահաս դառնան: Հիմա ամենակարևորը դա է:
.jpg)
Երեխաների մոտ Մելիքսեթը շատ չի խոսում ու հատկապես չի բողոքում: Ավելի լավ է նրանց հետ ապագայի մասին խոսել: Իսկ երկվորյակները, պարզվում է, որոշել են «լրտես» դառնալ: Իսկ նրանց հայրը այս ցանկությունից միայն լայն ժպտում է ու շարունակում խաղալիք բիլիարդի սեղանի մոտ համբերատար հաշվել փոքրիկ հակառակորդների միավորները: