.jpg)
Թուրքիան ծրագրում է ականազերծել Հայաստանի հետ սահմանակից ականապատ տարածքը
Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի ու Իրանի հետ սահմանին տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգեր: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Թուրքական «Աքշամ» պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիայի արևելյան սահմանամերձ գոտիներում զինված ուժերի գլխավոր շտաբի և ներիքն գործերի նախարարության համատեղ կոորդինացմամբ սկսվել են ականազերծման աշխատանքները:
Նշենք, որ «Առանց ականների Թուրքիա նախաձեռնություն» կազմակերպության կազմած զեկույցի համաձայն`2009 թվականի դրությամբ Թուրքիայի ողջ ականապատ տարածքներում կա շուրջ 1 մլն ական:
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:
1. Իրականացնել ականազերծման աշխատանքներ Հայաստանի և Իրանի հետ սահմանակից ականապատ տարածքներում (11 մլն 665 հզ 641 քմ):
2. Տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգեր, որոնց տեխնիկական հնարավորությունները թույլ կտան առավելագույնս կանխել ապօրինի միգրացիան և մաքսանենգությունը:
Նախագծի իրականացման համար պահանջվելու է ընդհանուր առմամբ 52 մլն 450 հզ եվրո գումար: Նախատեսվում է, որ այդ գումարի 75 տոկոսը վճարելու է Եվրամիությունը, իսկ մնացած մասը` Թուրքիայի պաշտպանության նախարությունը:
Ուշադրություն հրավիրելով Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և ավելի վաղ սկսված Ալիջանի սահմանակետի ճանապարհի ասֆալտապատման ու ընդլայման աշխատանքների վրա` «Աքշամը», հարց է բարձրացնում, թե արդյոք դա ենթադրում է սահմանի մոտալուտ բացում: