.jpg)
Որտե՞ղ է «Վերվարածների» Համեստը՝ Անի Բայաթյանը
Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանն է:

-Անի, մի պահ ամեն օր հեռուստաէկրաններից ձեզ տեսնում էինք, հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Ինչպես միշտ՝ թատրոնով, Պատանի հանդիսատեսի թատրոնում եմ աշխատում: Նաև «Տեմպարտ» խմբի հետ թատերախումբ էինք ձևավորել, կոմերցիոն ներկայացում էինք պատրաստել, մանկական, ամանորյա ներկայացումներ: Դրանք մեծերի և փոքրերի համար էին արվում՝ «Կատարյալ ամուսինը», «Լուսերեսն ու Վարդերեսը»: Նկարահանվում եմ նաև կարճամետրաժ ֆիլմերում, որոնք հատուկ փառատոնների համար էին:
-Ի՞նչ ֆիլմերի մասին է խոսքը:
-Մեկը քույրիկիս՝ Աննա Բայաթյանի ֆիլմն է, որը բարձրագույն կուրսերի համար է արվել, կուրսային աշխատանք է, որը կցուցադրվի նաև փառատոններում: Նաև նկարահանվել եմ Ռոման Մուշեղյանի սերիալում, կարծեմ 21 սերիայից է բաղկացած: Եթե չեմ սխալվում, ռուսական առաջին ալիքով պետք է ցուցադրվի, Կոչվում է «Պսիխոպատ»: Էպիզոդիկ՝ մեկ րոպեանոց դերով եմ հանդես գալիս, բայց չեք պատկերացնի, ինչ հաճույք էր այդ խմբի հետ աշխատելը, նկարահանվելը: Ֆիլմը պատվիրված է ռուսական կողմից, բայց կազմը հայեր էին, այն էլ շատ կազմակերպված: Ես հայերին այդպես աշխատելուց չէի տեսել: Հավանաբար բավարարել էին աշխատողների պահանջները, և մարդիկ, ըստ իրենց վաստակածի՝ աշխատում էին շատ լավ: Այնտեղ դերասանը միայն իր խաղով, իր դերով էր զբաղված, այլ ոչ թե նաև գրիմի ու մազերի հարցով: Չգիտեմ,մեզ մոտ երբևէ կհասնի՞ այդ մակարդակին: Կամ մենք ստիպված կընտրենք այն վայրը, որտեղ կա այդ պրոֆեսիոնալիզմը:
-Դ՞ա է պատճառը, որ ձեզ այլևս էկրաններին չենք տեսնում: Հրավերներ չկա՞ն, թե ինքներդ եք մերժում:
-Ես ժամանակին երեք սերիալում խաղացի, մոտ 7 տարի նկարահանվում էի: Առաջինը «Վերվարածներն» էր, որը, ընդհանրապես, հայկական ժամանակակից առաջին սերիալն էր: Այդ սերիալը ստեղծված էր ոչ միայն տնային տնտեսուհիների համար, այն դիտում էին ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր: Իմ կերպարը այդտեղ շատ սիրվեց, այդ կերպարով և ես, և, կարծում եմ, հեռուստաընկերությունը հաջողություններ ունեցանք: Նկարահանվել եմ նաև «Հարևաններ», «Հաջողակը» սերիալներում: Եթե որևէ բան անում եմ, սիրում եմ լավ անել, ու դրանից հետո չեմ կարող նշաձողը իջեցնել: Կյանքում պետք է անել երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ: Այն, ինչ ինձ այս ընթացքում առաջարկվել է, բերում է նրան, որ կանեմ երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ: Ես սերիալներից ոչ թե հոգնել, այլ պարզապես ձանձրացել եմ, ինձ հետաքրքիր չեն: Ցանկալի է 10-20, գոնե 50 սերիա լինի, բայց ոչ 100-ն անցնի: Դա անհետաքրքիր է դառնում ոչ միայն հեռուստադիտողի, այլև դերասանի համար:

-Բայց դա նաև եկամտի աղբյուր է:
-Ես չեմ կարող մի բան անել ուղղակի գումարի համար, ինչը շատերն այսօր անում են: Բայց իրենց էլ եմ հասկանում, ընտանիք են պահում: Ընդհանրապես, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:
-Անի, այսօր դերասան դառնում են դիպլոմո՞վ, արտաքինո՞վ, թե՞ տաղանդով:
-Այսօր չգիտեմ, բայց դերասան ընդհանրապես դառնում են տաղանդով: Ռուսները մի ճիշտ արտահայտություն ունեն. ոչ թե ասում են տաղանդավոր է, այլ ասում են ՏԱՂԱՆԴ է: Հիմա ամեն 2-րդ մարդուն ասում են տաղանդավոր, ամեն 3-րդին՝ շնորհքով՝ անկախ նրանից՝ ինչ շնորքի և ինչ տաղանդի տեր է: Տաղանդն Աստծուց է տրված և քեզ հետ է ծնվում, հակառակ դեպքում արվեստի աշխարհում ոչինչ չունես անելու: Ի դեպ, տաղանդը նկատելի է: Օրինակ ես, որպես նախկին սպորտսմենուհի, հետևում եմ օլիմպիադային: էկրանից անմիջապես զգացվում է:
-Իսկ ի՞նչ սպորտով եք զբաղվել:
-Գեղասահքով:
-Եվ ինչո՞ւ այսօր օլիմպիադայում չեք:
-Որովհետև վաղուց չեմ զբաղվում (ծիծաղելով): Վատ տարիներ սկսեցին՝ մութ, ցուրտ: Հոսանք չկար, որպեսզի սառույց լիներ, ստիպված զբաղվում էինք ընդհանուր ֆիզիկական պատրաստականությամբ: Ճիշտ է, այդ մարզանքներն էլ գեղասահորդի համար կարևոր էին, բայց առանց սառույցի ոչինչ հնարավոր չէր: Նաև Երևանում այդ սպորտաձևը առաջընթաց չուներ, եթե լավերը կային, գնում էին Ռուսաստան՝ շարունակելու: Ես և քույրիկս էլ որոշեցինք թողնել և երաժշտական կրթություն ստանալ:
-Բնույթով աշխույժ ու ակտիվ եք… Ձեզ երևի նման ընկերներով էլ շրջապատում եք այո՞:
-Այո, ես չեմ սիրում լինել պասիվ, նաև չեմ սիրում պասիվ մարդկանց հետ շփվել, թեև գործի բերումով շփվում եմ: Մեր տանը բոլորն են ակտիվ, մռայլ մարդիկ չկան: Աշխատում եմ նման մարդկանց հետ քիչ շփվել, քանի որ իրենց բացասական ինֆորմացիան և տրամադրությունը ինձ է փոխանցվում: Երբ շրջապատում հոռետես ու չշփվող մարդիկ են, ես փորձում եմ պայքարել նրանց վատ տրամադրության հետ, որն ինձ խանգարում է:
-Իրական և բեմի Անին շա՞տ են տարբերվում:
-Գիտեք, ես նույնիսկ իմ խաղացած կերպարների մեջ Անիից ինչ-որ բան եմ տանում, նաև ինչ-որ բան Անին է վերցնում նրանցից… Դրանք կարող են լինել բնավորության գծեր, միմիկա:

-Անի ձեր դստրիկն արդեն քանի՞ տարեկան է:
-Մարտի 7-ին կդառնա 9:
-Փաստորեն կարող եք նաև ընկերություն անել մայր ու դուստր:
-Այո, արդեն կամաց-կամաց ընկերություն եմ անում, թեև աշխատում եմ մայր և դուստր սանդղակը պահպանեմ: Կարևոր է լինել լավ մայր, նոր հետո լավ ընկերուհի: Բայց շատ լավ ընկերություն ենք անում, միմյանց հետ կիսվում ենք, խոսում: Հաճախ իրենից խորհուրդ եմ հարցնում: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է մտածում:
-Ձեզ նման ակտի՞վ է:
-Այնքան էլ չէ: Որոշ բաներ նման են, բայց շատ բաներով հայրիկին է նման:
-Իսկ հարաբերությունները հայրիկի հետ ինչպե՞ս են:
-Շատ լավ: Իրենք հրաշալի շփվում են, շատ լավ ընկերներ են դարձել: Երեխան միշտ էլ պետք է ծնողի ներկայությունը, աջակցությունը զգա: Ես էլ աշխատում եմ անել ամեն ինչ, որ նրանք դրական հարաբերություններ ունենան:
-Ձեր և Իշխանի հարաբերություննե՞րը ինչպիսին են:
-Քանի որ ես և Իշխանը աշխատում ենք նույն թատրոնում, չեն կարող մեր հարաբերությունները լինել վատ: Դա մեծամասամբ իմ շնորհիվ է, որովհետև ես սիրում եմ առողջ աշխատանքային հարաբերություններ: Վերջ ի վերջո մենք տարբեր սենյակներում չենք, որ չտեսնենք կամ չնկատենք միմյանց: Մենք խաղում ենք կողք կողքի, և ատել միմյանց չենք կարող:
-Անի, դուք ունեք նաև ձեր կյանքը: Ի դեպ, այնտեղ կա՞ այն միակը:
-Իհարկե կա…
-Ձեր բնագավառի հետ կապ ունի՞:
-Այնքանով, որ ինքն էլ արվեստագետ է՝ նկարիչ է, գեղանկարիչ, բեմանկարիչ…
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: