Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվողը՝ 2 կանանց խանդի սուբյե՞կտ. Pastinfo
11/02/2014 18:36

Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվողը՝ 2 կանանց խանդի սուբյե՞կտ. Pastinfo

22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը, ով հերքեց սպանության մեղադրանքը և հրաժարվեց պատասխանել հարցին, թե ում է կասկածում սպանությունը կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, ամբաստանյալն իր երկու մտերմուհիներին՝ այսինքն սպանված Մարիամ Հունանյանին և դատակոչված վկա Միլենա Միրիջանյանին, բնութագրելիս նշեց, որ Մարիամը բնավորությամբ ագրեսիվ էր, իսկ Միլենան՝ կտրուկ, ունակ անսպասելի քայլերի։

Իրեն ամբաստանյալը բնորոշեց որպես նորմալ ընտանիքի տղա, դաստիարակությամբ զբաղվել է մայրը, քանի որ հայր չի ունեցել և 8-րդ դասարանից աշխատում է: Ամբաստանյալը պնդեց, որ ինքը երբևէ Մարիամի բնակարանում չի եղել և այնտեղ գնացել է միայն դեպքից հետո՝ ոստիկանների ուղեկցությամբ։

Նրա խոսքով՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները մասամբ են ճիշտ, իսկ կեղծ ցուցմունքներ տվել է պաշտպանվելու համար: Դ. Թամրազյանը հայտարարեց, որ ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչպես օպերլիազորների, այնպես էլ պետի տեղակալ Մեխակյանի կողմից: Նա նաև նշեց, որ իր և սպանված Մարիամի միջև ինտիմ հարաբերություն եղել է ընդամենը 1 անգամ, իսկ Միլենայի հետ հաճախակի, սակայն Միլենան խանդել է իրեն, քանի որ Մարիամը հաճախակի է զանգահարել իրեն:

Ամբաստանյալը հավելեց նաև, որ Միլենայի հետ իր հարաբերությունները լուրջ են եղել և ցանկացել է ամուսնանալ նրա հետ:

Անդրադառնալով դեպքից առաջ Մարիամի և Միլենայի միջև տեղի ունեցած վիճաբանությանը՝ ամբաստանյալը նշեց, որ դրա պատճառը եղել է խանդը և երբ իր նախաձեռնությամբ նրանք երեքով հանդիպել են խորտկարանում, որը վարձակալական հիմունքներով աշխատացրել է Միլենան, վիճաբանությունն սկսել է հենց Միլենան և նա էլ մոխրամանը նետել է Մարիամի վրա, իսկ ինքը փորձել է նրանց հանգստացնել:

Ամբաստանյալը հերքեց, թե ինքը ինչ-որ սատանիստական կազմակերպության մեջ է ընդգրկված: Ըստ նրա՝ իր ընկերուհու՝ վկա Միլենայի ցուցմունքների մի մասն են ճիշտ։ Ամբաստանյալի ներկայացրած տարբերակի համաձայն՝ դեպքի օրն իրենք հանդիպել են, միասին գնացել սրճարան, բայց նրան չի ասել, որ սպանել է Մարիամին, առավել ևս ոչ մի լուսանկար կամ դանակ ցույց չի տվել նրան: Ըստ ամբաստանյալի՝ դեպքի օրը Մարիամը զանգահարել է իրեն և ասել, որ ուզում է հանդիպեն, նրա ձայնը իրեն մտահոգ է թվացել, կարծել է գումարային խնդիր կա և ինքը կարող է օգնել, պայմանավորվել են հանդիպել, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ Մարիամը նրան տեղեկացրել է, որ պլանները փոխվել են և ինքը Միլենայի հետ է հանդիպել:

Նյութն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդող հրապարակում՝ 22-ամյա մատուցողուհու սպանության գործը դատարանում է

Դատարանի որոշմամբ` մատուցողուհու սպանության մեջ մեղադրվողը կալանավորել է

Մատուցողուհու սպանության գործով Դավիթ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել
 

Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվողը՝ 2 կանանց խանդի սուբյե՞կտ. Pastinfo