.jpg)
Թուրքագետ. Մերկել-Էրդողան զրույցին պետք է վերապահումով մոտենալ
Էրդողանի ավտորիտար ռեժիմը խնդիրներ է առաջացնում Եվրոպայում: Ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի՝ վերջին շրջանում դրսևորած դիրքորոշումը հենց սրանով էլ պետք է բացատրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետն ընդգծեց, որ հատկապես վերապահումով պետք է մոտենալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայոց ցեղասպանության մասին զրույցին:
«Եթե ընդունենք, որ այդ զրույցի ժամանակ խոսվել է Ցեղասպանության ճանաչման մասին, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին սա ակնառու երևույթ է: Թե ինչ զարգացումներ կլինեն՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս ընթացքում ականատես կլինենք որոշակի գործընթացների»,- ասաց Լևոն Հովսեփյանը:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիան ֆինանսական ու դիվանագիտական լուրջ միջոցներ է ներդնում: Բացի այդ, Թուրքիան փորձելու է գործոն դառնալ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
«Միաժամանակ, այսօր Թուրքիան անկանխատեսելի է դառնում անգամ իր գործընկերների համար և աշխարհը գործ ունի իր ուժերին չափազանց վստահ մի երկրի հետ»,- ասաց թուրքագետը:
Հիշեցնենք, որ օրերս Էրդողան-Մերկել հանդիպման ժամանակ, Թուրքիայի վարչապետը կոչ էր արել Գերմանիայի կանցլերին ավելի ուշադիր լինել, քանի որ երկրի բյուջեից գումարներ են հատկացվում «1915 թվականի դեպքերի 100-ամյակի միջոցառումների համար»: Ինչին ի պատասխան, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին ու Թուրիքային՝ առերեսվել իր պատմության հետ: