Էրդողանը կփորձի կրկին վարչապետ դառնալ՝ փոխելով կուսակցական կանոնադրությունը
12/02/2014 19:36

Էրդողանը կփորձի կրկին վարչապետ դառնալ՝ փոխելով կուսակցական կանոնադրությունը

Թուրքիայի լարված ներքաղաքական գործընթացներում սկսված նոր քննարկումը մի տեսակ ստվերել է «զուգահեռ պետության» շուրջ ահագնացող դիսկուրսն ու խառնաշփոթը: Արաբական «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ երեք անգամ անընդմեջ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվելու` կուսակցության կանոնադրության սահմանափակումը կարող է փոփոխվել՝ պարզաբանելով, որ ինքն անձամբ նման նախաձեռնություն չունի, բայց եթե կուսակիցներից առաջարկ լինի, այն կքննարկվի կուսակցության Գերագույն խորհրդում:

Փաստորեն, Էրդողանը, միգուցե, ներքաղաքական զարգացումների շրջանակում իր համար այլընտրանքային տարբերակներ է մտածում՝ այդ կերպ փորձելով ապահովել առնվազն կրկին վարչապետի պաշտոնը: Արգելանքի կիրառման պարագայում ինքն այլևս չի կարող ընտրվել պատգամավոր և արդյունքում՝ դառնալ վարչապետ:

Չնայած ԱԶԿ-ի խոսնակ Հ. Չելիքը վերջերս վերահաստատեց, որ ԱԶԿ-ի թիվ մեկ թեկնածուն նախագահի պաշտոնում Էրդողանն է, այդուհանդերձ նախագահական ընտրությունները որոշակիորեն խնդրահարույց են թեկնածու Էրդողանի համար: 2007 թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներով և ավելի ուշ՝ «Նախագահական ընտրությունների մասին» օրենքի ընդունմամբ՝ երկրի նախագահն այսուհետ ընտրվելու է համաժողովրդական քվեարկության միջոցով:

Այս պարագայում, եթե նման նախաձեռնություն առաջադրվի և կանոնադրական այդ դրույթը փոփոխվի, ապա Էրդողանի համար վարչապետի պաշտոնն ամրագրելու քայլը կլինի: Թուրքիայում պարբերաբար անցկացված վերջին շրջանի սոցհարցումները ցույց են տալիս, որն թուրքական հանրության համար Էրդողանի կերպարն այնքան էլ չի տեղավորվում նախագահի պաշտոնում, փոխարենը՝ նախագահ Գյուլը բավական լուրջ համակրանք է վայելում: Թուրքիայում ընթացող ներքաղաքական զարգացումները, որոնք կարող են նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի վտանգավոր բնույթ կրել հենց Էրդողանի համար, կարող են լրջորեն սահմանափակել նախագահ ընտրվելու նրա հնարավորությունները: Ուստի, պահուստային տարբերակներից կարող է լինել ներկա մոդելի կիրառումը՝ նախագահ Գյուլ-վարչապետ Էրդողան: 

Էրդողանը կփորձի կրկին վարչապետ դառնալ՝ փոխելով կուսակցական կանոնադրությունը