Գրիգոր Կյոկչյան. Գուցե մինչև սիրո տոնը հանդիպեմ նրան. Lifepanorama.am
12/02/2014 20:57

Գրիգոր Կյոկչյան. Գուցե մինչև սիրո տոնը հանդիպեմ նրան. Lifepanorama.am

Հայ Սուպերսթարից» «Ընծա», ապա` «Հայաստանի ձայնը» նախագիծ. ինչպե՞ս երիտասարդ երգիչ Գրիգոր Կյոկչյանը հայտնվեց շոուբիզնեսում, ամերիկյան ի՞նչ առաջարկ է ստացել նա, արդյո՞ք կհամաձայնի ապրել և աշխատել արտերկրում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը տվել է բոլոր հարցերի պատասխանները` անդրադառնալով նաև սիրո տոնին և երբևէ ստացած «սրտի կաթվածներին»:

-Գիտեմ, որ ուշ տարիքից եք սկսել երգել բեմերում. կպատմե՞ք` ինչով նշանավորվեց ձեր մուտքը երգարվեստ:

-Այո, երգել սկսել եմ 19 տարեկանից, բայց մինչ այդ ստացել էի երաժշտական կրթություն. նվագում էի դաշնամուր, իսկ 8 տարեկանից արդեն գրում է դաշնամուրային պիեսներ:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Երգի պետական թատրոնում:

-Քասթինգով անցա` «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին մասնակցելու:

-Երևի հենց «Ընծայից» էլ սկսվեց ամեն ինչ…

-Այո, ես գրավեցի առաջին տեղը «Գրան պրին» զիջելով Լիլիթ Հովհաննիսյանին: Դրանից հետո էր, որ Երգի թատրոնում որպես մեներգիչ աշխատելու առաջարկ ստացա:

 

-Բայց մինչ այդ կար «Հայ սուպերսթար» հեռուստանախագիծը…

-Այո, «Սուպերսթարի» քասթինգի գովազդը տեսնելով` մոտս երգելու ցանկություն առաջացավ, և որոշեցի մասնակցել: Այդ ժամանակ 19 տարեկան էի: Մրցույթից հետո սկսեցի լրջորեն զբաղվել երգելով:

-Ժյուրիի անդամներից ո՞վ ամենաուժեղ ազդեցությունն ունեցավ ձեզ վրա:

-Սիրում եմ Եգոր Գլումովին`որպես զարգացած մարդ. նա էր ինձ դուր գալիս:

-Ի՞նչ տվեց «Սուպերսթարը»:

-«Սուպերսթարը» հեռուստաշոու է. այնտեղ, որպես այդպիսին, չեն աշխատում: Այդ մրցույթից հետո հասկացա, որ լավ չեմ երգում և սկսեցի լրջորեն զբաղվել երգարվեստով: Մրցույթն ինձ ուժ տվեց. դա էր գլխավոր ձեռքբերումը:

-Իսկ «Հայաստանի ձա՞յնը». ինչպե՞ս հաջողվեց կույր լսման ժամանակ գրավել ժյուրիի անդամներից բոլորի սրտերը:

-Սա արդեն ավելի լուրջ մրցույթ էր: Այստեղ կայացած և պատրաստի կադրեր են հավաքվում: Երևի, իմ անկեղծ ելույթն էր, որ մարզիչներին ստիպեց պտտվել հենց առաջին նոտաներից:

-Այս նախագիծը, կարծես, «Սուպերսթարից» մի քանի քայլ առաջ էր:

-«Սուպերսթարի» ֆորմատը հին է արդեն, անհետաքրքիր, իսկ սա նոր ու ադրենալինով լի նախագիծ է. ֆորմատն էլ հետաքրքիր է մտածված և որ ամենակարևորն է` ժյուրիի անդամները ճիշտ էին ընտրված: Իսկ եթերաշրջանի հաջողությունը ժյուրիից է կախված:

-Նկատի ունեք` կազմում պրոֆեսիոնալնե՞ր էին:

-Այո, ու անհասանելի էին` բառիս բուն իմաստով. Արտո Թունջբոյաջյանը Նյու Ջերսիից էր, Սոնան` Մոսկվայից, Իսկ Թաթային հեշտ չէ գտնել Երևանում (ծիծաղում է), Սոֆին էլ էր հետաքրքիր:

-Ամենաթանկ մրցանակը, որ երբևէ ստացել եք ո՞րն է եղել:

-Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի դափնեկիր եմ եղել: Երևի, փոքր էի` 14 տարեկան, այդ պատճառով էլ այս մրցանակն առանձնակի եմ սիրում:

-Շոուբիզնես մուտք գործելու, երգեր ձայնագրելու, համերգներ ունենալու համար գումարներ են պետք. հովանավորներ ունե՞ք:

-Ոչ, հովանավորներ չունեմ, ինքս եմ հոգում իմ ծախսերը: Մեր շատ երգիչ-երգչուհիների համար երգերի խոսքեր եմ գրում և բավականին լավ եմ վաստակում:

 

-Դուք նաև տնտեսագետ եք. ձեր մասնագիտությունը երբևէ օգտագործե՞լ եք:

-Այո, երկու ամիս աշխատել եմ մեր բանկերից մեկի վարկային բաժնում:

-Իսկ կյանքում տնտեսագիտական մտածողությունն օգնու՞մ է:

-Այո, օգնում է: Նախ, կարծում եմ, բարձրագույն կրթությունն ամեն դեպքում պարտադիր է, իսկ կոնկրետ տնտեսագիտություն սիրում եմ և կուզենայի աշխատել այդ ոլորտում, սակայն, ցավոք, համատեղել հնարավոր չէ. ժամանակ չի մնում:

-Իսկ Հայաստանի ներքին իրադարձություններին հետևու՞մ եք. օրինակ` «պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ ցույցերին:

-Այո, իհարկե:

-Որն է ձեր դիրքորոշումը` որպես հայ քաղաքացի: Ինչպե՞ս է արտահայտվում ձեր ակտիվությունը:

-Գիտեք, ժամանակին մասնակցել եմ բնապահպանությանն ուղղված բողոքի ակցիաներին: Ակտիվ էի նաև «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային. Իմ մեքենայով մարդկանց անվճար տեղափոխում էի:

-Իսկ «Ավելի լավ Երևան»-ի տեսահոլովակում նկարահանվելիս մտավախություն չունեի՞ք, որ ձեզ կարող են ասոցացնել տվյալ կուսակցության հետ:

-Այդ պարագայում ես անհատ կատարող չէի, նկարահանվում էր Երգի թատրոնը: Մասնակցեցի երաժշտական ղեկավարիս առաջադրանքով, և ինձ համար միևնույնն էր, թե դա որ կուսակցության երգն է:

-Լավ, մի քիչ էլ անձնականից խոսենք. երբևէ «սրտի կաթված» ստացե՞լ եք` խանդի տեսքով:

-Այո, նման պահեր եղել են, փոքր ախտանիշներ (ծիծաղում է):

-Առջևում սիրո տոնն է. Սուրբ Սարգիսն ո՞ւմ հետ եք նշելու, անակնակալների սպասո՞ւմ եք:

-Քանի որ այս պահին իմ սրտում կոնկրետ մեկը չկա, հետևաբար այդ օրը կանցկացնեմ ընկերներիս շրջապատում, իսկ սիրելի մարդկանցից, ինչու ոչ, անակնկալներ սպասում եմ (ծիծաղում է): Չնայած, ով գիտի, դեռ ժամանակ կա. գուցե մինչև սիրո տոնը հանդիպեմ նրան, և կողքիս լինի այդ մեկը, ում հետ կանցկացնեմ օրս... 

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Գրիգոր Կյոկչյան. Գուցե մինչև սիրո տոնը հանդիպեմ նրան. Lifepanorama.am