.jpg)
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ում ոչ իշխանական չորս ուժերը քննարկում էին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Քիչ առաջ շուրջ 1.5 ժամ տևած քննարկումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում էր, որին ընդառաջ պայմանավորվել էին` յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում ստեղծված իրավիճակից ելքը:
«Բնական է, որ այդ չորս նախագծերը այսօր չէինք կարող քննարկել, պարզապես որոշակի վերաբերմունք արտահայտեցինք դրանց նկատմամբ: Այժմ խմբակցությունները կքննարկեն այդ նախագծերը նաև իրենց կուսակցական մարմիններում և առաջիկա օրերին կայանալիք մեր մյուս աշխատանքային հանդիպման ժամանակ վերջնական որոշումը կկայացնենք»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ չորս ոչ իշխանական ուժերի մոտ էլ կար ընդգծված կեցվածք, ցանկություն, որ կարողանան միասին այս ձևաչափով ունենալ միասնական նախագիծ:
Հարցին, թե այս պահին, փաստորեն, վերջնական համաձայնության չեն եկել առաջիկա քառօրայում կառավարությանն անվստահություն հայտնելու մասով, Ռ. Հակոբյանն ասաց, որ մի քանի օրից կլինի վերջնական հանդիպում և կլինեն այդ հարցերի պատասխանները. «Այս պահին կարող եմ ասել, որ շատ հավանական է, որ այդ համաձայնությունը կունենանք»:
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե ինչ են իրենցից ներկայացնում այսօր քննարկված նախագծերը, արդյոք դրանցում թեկնածուների անուններ են հնչում, Ռ.Հակոբյանը չցանկացավ այլ մանրամասները հայտնել` պատճառաբանելով, թե նման համաձայնության են եկել:
«Սպասենք մի քանի օր ևս»,- ասաց պատգամավորը:
Շարունակելով խոսքը` պատգամավորը նորմալ համարեց նաև այն, որ իշխանությունը փորձի ճաք ստեղծել և ինչ-որ սադրիչ մենկաբանություններ տալ իրենց նախաձեռնությանը:
«Բայց չորս ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրի համար իշխանափոխության հարցն օրհասական է, անհրաժեշտ, որովհետև այն համակարգը, որ ձևավորված է, դրանում անհատը գրեթե ոչինչ չի որոշում, համակարգը ինքն է ձևավորել այնպիսի իրավիճակ, որ հիմնականում բոլոր գործընթացներն ընթանում են օրենքից դուրս պայմաններում»,- ասաց նա և ավելացրեց, որ պնդումը, թե իրենց համախմբումը միայն վարչապետի դեմ է ուղղված, ճիշտ չէ:
Ռ.Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկա մի քանի օրերին պարզ կլինի` եկել են ուժերը համաձայնության թե ոչ: Հարցին` գուցե հետաձգումը կապված է շաբաթ օրը կայանալիք ԲՀԿ համագումարի հետ, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, համագումարի հետ կապ չունի, ուղղակի տեխնիկապես դժվար է քննարկել չորս ներկայացրած նախագիծ, այն էլ բավականին լուրջ նախագծեր: Դրա համար շատ նորմալ է, որ այն, ինչ քննարկվեց այսօր, փոխանցենք մեր կուսակցական մարմիններին և նորից հանդիպենք»: