.jpg)
Սպանության փորձի համար դատապարտվածը ինքնավնասման փորձ է արել
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց՝ վիրահատություն կատարելու համար:
Ըստ 20-ամյա Թ. Վարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին պարտք 100000 դրամ գումարը վերադարձնելու վերջինիս պահանջից հետո,շահադիտական դրդումներով `Հ.Ներսիսյանին պարտք գումարը չվերադարձնելու և նյութական որոշակի օգուտ ստանալու ձգտմամբ որոշել է սպանել նրան:Այդ նպատակով 2013 թվականի հունվարի 21-ին Հ.Ներսիսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ազատաշեն -Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս,սակայն տեսնելով որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել, այն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով փակել է նրա շնչառան ուղիները` փորձել է շնչահեղձ անել ,սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանի ուշագնացությունը ընդունել է, որ նա մահացել է, և հեռացել է դեպքի վայրից:
Թ. Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի մոտ բարդություններ են առաջացել, քանի որ նա նախօրեին ինքնավնասման փորձ է կատարել կալանավայրում:
«Նրա մոտ հոգեբանական խնդիրներ կան, նա հաշվառված է եղել դիսպանսերում և դատախազի ճառը լսելուց հետո, որ իր համար պահանջեց 14 տարվա ազատազրկում, նա դեպրեսիայի մեջ է ընկել: Արդեն 1 տարի է՝ նա գտնվում է կալանավայրում և չի հավատում, որ արդար դատավարություն կլինի»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել առանց հիմքերի և ինքն էլ հայտարարել է, որ կապ չունի այս գործի հետ:
«Իմ պաշտպանյալը և տուժողը համագյուղացիներ են, աշխատել են նույն վայրում՝ ինքը մատուցող, տուժողը՝ սպասք լվացող: Թովմասը պարտք է վերցրել տուժողից, հետո վերադարձրել, իսկ մեղադրանքում ասված է, որ նա վերադարձրել է 500 դոլարը, իսկ 100 հազար դրամը չվերադարձնելու համար փորձել է սպանել տուժողին: Սակայն անտրամաբանական է, որ 500 դոլար վերադարձնողը 100 հազար դրամի համար մարդ սպանի»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Նշենք, որ ավելի վաղ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2013թվականի որոշմամբ՝ Թովմաս Մերուժանի Վարդանյանը տեղավորվել է ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնում՝ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության ենթարկվելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատա-հոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի կողմից 21.02.2013թվականին տրված թիվ 11 եզրակացության համաձայն` իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Թովմաս Մերուժանի Վարդանյանին հարկ է ճանաչել մեղսունակ և հաշվի առնելով նրա մոտ առկա «Դիսոցիացված/կոնվերսիոն/ խանգարումները» խորհուրդ է տրվել նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողություն: