.jpg)
Վերաքննիչը անփոփոխ թողեց Քոչարյանի հայցադիմումի գործով դատավճիռը
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, այսօր մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության և «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին բավարարել մասնակի՝ պարտավորեցնելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հերքելու «Ժամանակ» օրաթերթի 2012թ. նոյեմբերի 27-ի թիվ 209 (2359) համարի երրորդ էջում հրապարակված «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և 2012թ. նոյեմբերի 30-ի թիվ 212 (2362) համարի առաջին էջում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում հայցվորներ Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները և ներկայացված Հերքման տեքստը տպագրել նույն «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Հերքում» խորագրի ներքո: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դատավճռի համաձայն՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պետք է բռնագանձվի 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության` տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին` մերժել, ինչպես նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի բռնագանձել 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախսի գումար, Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից հօգուտ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության բռնագանձել 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախսի գումար:
Վերաքննիչ բողոք ներկայացվել էր այն հիմնավորմամբ, որ հայցվորների ներկայացուցիչ Ա.Մելիքբեկյանը դատաքննության փուլում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապացույց առ այն, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունն է հանդիսանում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրը և հրատարակիչը:
«Վերը նշվածը դիտարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համատեքստում` հետևում է, որ դատաքննության փուլում հայցվորների ներկայացուցչի ներկայացրած ապացույցը չէր կարող կցվել քաղաքացիական գործին և չէր կարող դրվել դատական ակտի հիմքում, քանի որ ներկայացվել էր դատաքննության փուլում: Նշված փաստը հիմք ընդունելով` պատախանող կողմը, ըստ էության, չի առարկել հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջները, հայցվորների ներկայացուցչի դատաքննության փուլում ներկայացրած ապացույցը կցել է քաղաքացիական գործին և դրել 21.10.2013թ. կայացրած վճռի հիմքում, որն էլ հանգեցրել է թիվ ԵԿԴ/2982/02/12 քաղաքացիական գործի սխալ լուծմանը:
Բողոքաբերը նշել է, որ 27.12.2012թ. ներկայացված հայցադիմումում հայցվորների ներկայացուցիչը նշել է. «Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությանը և «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» սահմանափակ պատախանտվությամբ ընկերությանը հատուցելու զրպարտության հետևանքով հայցվոր Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին հասցված վնասը և հայցվորների իրավունքների պաշտպանության համար կատարած ծախսերը ՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով»:
Այսինքն` հայցվորների ներկայացուցիչը դատարանից խնդրել է պատասխանողներից բռնագանձել 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ` առանց հստակեցնելու յուրաքանչյուր ընկերությունից բռնագանձվելիք գումարի չափը:
Սույն գործով հայց էր հարուցվել երկու պատասխանողների դեմ, սակայն հայցադիմումից չէր երևում հայցվորների` պատասխանողներից յուրաքանչյուրին ուղղված առանձին պահանջները: Այսինքն, հայցվորների ներկայացուցիչը հայց էր հարուցել երկու պատասխանողների դեմ` առանց հստակեցնելու պատասխանողներից յուրաքանչյուրին ուղղված պահանջը, իսկ նման պայմաններում անորոշ պահանջով հայցը չէր կարող բավարարվել և ենթակա էր ամբողջությամբ մերժման:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հիմնավոր համարելով հայցվորների ներկայացրած հայցադիմումը, անորոշ հայցապահանջի պայմաններում վճռել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի պահանջների խախտում»:
Նախորդող հրապարակում՝ Դատարանին խնդրել է Քոչարյաններից բռնագանձել 1 մլն դրամ
Քոչարյաններ-«Առաջին լրատվական». ԴԱՀԿ-ն այսօր որոշում կկայացնի
Քոչարյանների հայցը մասնակի բավարարվել է. ԴԱՀԿ-ը «Առաջին լրատվականում» է