Անուշիկ Ալավերդյան. Քանի որ միասին ենք աշխատում, սիրելիս միշտ կողքիս է
14/02/2014 20:21

Անուշիկ Ալավերդյան. Քանի որ միասին ենք աշխատում, սիրելիս միշտ կողքիս է

Շատ հաճախ գործնական հարաբերությունները կարող են վերածվել անձնականի, այնուհետև՝ ընտանեկանի… Այս պարագայում, կարծում եմ, այդպես էլ կլինի… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը բլյուզ և սոուլ ոճի սիրահար, երգչուհի Անուշիկ Ալավերդյանն է, ով արդեն երկու տարի հանդես է գալիս ոչ թե անհատական գործունեությամբ, այլ «Կարեն Մամիկոնյան» բենդի կազմում… Ի՞նչ գործունեություն է ծավալում բրենդը, ի՞նչ հարաբերություններ ունեն Անուշիկն ու Կարենը՝ մեզ հետ անկեղծացավ ինքը՝ երգչուհին…

-Անուշիկ, ինչ-որ շատ պասիվ շրջան եք սկսել: Տպավորությունը էկրանից քիչ երևալու պատճառո՞վ է, թե իրականում այդպես է

-Շատ հաղորդումների ինքս մասնակցել չեմ ցանկանում, քանի որ բենդի հետ աշխատանքների մասին արդեն խոսել եմ, իսկ առանձին ստեղծագործական բնագավառում դեռևս նորություններ չունեմ… Բայց երբ աշխատանքներս վերսկսեմ, նորից եթերներում կակտիվանամ… Բայց կյանքում պասիվ չեմ: Հիմա բենդով համերգներ ենք ունենում, նոր երգեր ենք ձայնագրել: Արդեն աշխատում ենք նաև նոր ալբոմի վրա, որտեղ ընդգրկված կլինեն հայտնի երգեր՝ փոփոխված տարբերակներով… Մեկ երգ արդեն ձայնագրել ենք, շուտով համացանցում կլինի: Այդ երգի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանելու: Ի դեպ, այն կնկարահանվի ստուդիայում և կներկայացնի մեր ամենօրյա աշխատանքը…

-Ձեր անհատական գործունեությունը որոշել եք կասեցնե՞լ:

-Ոչ, ուղղակի այժմ հիմնականում «Կարեն Մամիկոնյան բրենդ»-ի հետ եմ աշխատում: Մեր թիմը բաղկացած է 6 հոգուց: Նրանք Հայաստանի, ինչու ոչ, նաև աշխարհի մասշտաբով շատ լուրջ երաժիշտներ են: Ուրախ ու հպարտ եմ նրանց հետ համագործակցելու համար: Շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունեն իրենց գործին… Որպես Անուշիկ Ալավերդյան հիմա ցանկանում եմ նաև առանձին տեսահոլովակ պատրաստել հայերեն երգի հիման վրա: Այդ տեսահոլովակը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր, բայց հուսով եմ՝ շուտով կնկարահանվի…

-Որևէ վայրում հստակ աշխատո՞ւմ եք, թե հրավերներով եք գնում:

-Շաբաթական ամենաքիչը երկու փոքրիկ մենահամերգ ենք ունենում տարբեր ակումբներում, բայց հիմնականում համագործակցում ենք «Mezzo» ակումբի հետ, յուրաքանչյուր կիրակի այնտեղ համերգ ենք ունենում: Ինձ այս գրաֆիկը, աշխատանքը շատ է դուր գալիս: Լավ է, որ միշտ զբաղվածություն կա, առօրյաս լի է երաժշտությամբ:

-Անուշիկ, այսօր լավ ձայնը կարևո՞ր է երգչուհու ճանաչման համար, թե՞ այդ ձայնը կարող են տեխնիկայի դարում սարքել, ինչը հաճախ անում են…

-Ձայնային տվյալները, ցավոք, այնքան էլ գլխավոր չեն այսօր, բայց, համենայնդեպս, լավ տվյալներով երգչուհին մնայուն է: Եթե իր կատարած աշխատանքները որակյալ են, ճաշակով, ապա թիթեռի կյանք չեն ունենա… Պրոֆեսիոնալների կողմից լավ տվյալները գնահատվում է… Ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքներն ու իմ տվյալները շատ լուրջ երաժիշտներ բարձր են գնահատում… Իսկ ճանաչման հարցում շատ մեծ դեր է խաղում էկրանից երևալը, մարդկանց տեսադաշտում լինելը: Ինձ համար ճաշակը շատ կարևոր է: Եթե շատերը դրանից ունենային, մեր ականջները շատ գոհ կլինեին…

 

-Բրենդի հետ միասին մեծ մենահամերգի մասին չե՞ք մտածում:

-Իհարկե, շատ ենք ցանկանում… Բայց այս փոքրիկ մենահամերգները օգնում են, որպեսզի հանդիսատեսը մեզ ճանաչի նաև այս ոճում: Շատ անմիջական է դառնում մեր շփումը հանդիսատեսի հետ… Հաճախ գեղեցիկ անակնկալներ ենք մատուցում հանդիսատեսին՝ երաժշտության տեսքով, իհարկե…

-Իսկ հանդիսատեսը սիրո՞ւմ է անակնկալներ անել:

-Այո: Մարտին 4 ամսով Քաթար էինք մեկնել, որտեղ շատ համերգներ ունեցանք: Հանդիսատեսի շարքերում տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային: Ուշադիր էին եղել, թե որ երգչուհու երգացանկից եմ շատ օգտվում և նրա ձայնասկավառակն էին ինձ նվիրել, տորթ էին թխել և բերել… Փոքրիկ նվերներ, որոնցից ես շատ-շատ ոգևորվում եմ: Ուրախ էի, որ այլ ազգի լինելով՝ մեր բրենդի աշխատանքը գնահատում և մեզ սիրում էին

-Անուշիկ, շատերը խոստովանում են, որ կարիերայի սկզբում տառապել են «աստղային հիվանդությամբ»… Դուք այդ ախտանիշը ունեցե՞լ եք

-Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են և առաջ, և հիմա, ընդհանրապես տարբերություն չեն զգում… Կարծում եմ՝ պատճառ էլ չունեի ինձ «վերևներում» պահելու…

-Գիտեմ, որ անտարբեր չեք սպորտաձևերի նկատմամբ…

-(ծիծաղելով) Անտարբեր չէի…Չորս տարի բասկետբոլ եմ պարապել, նաև բրեյք դանս եմ պարել… Բայց երբ ուսանողական կյանք սկսվեց, հետո նաև գործունեություն ծավալեցի, այլևս չզբաղվեցի դրանցով… Ժամանակի խնդիր էր…

-Մտերմություն անո՞ւմ եք ձեր գործընկերների հետ:

-Իհարկե… Սուսաննա Պետրոսյան, Էրիկ, Մարի… Նրանք իմ լավագույն ընկերներն են…

 -Շուտով՝ մարտի 2-ին ձեր ծննդյան օրն է: Արդեն որոշե՞լ եք՝ ինչպես եք անցկացնելու:

- Ոչ, դեռ չեմ որոշել: Երևի ընկերներիս հետ կանցկացնեմ… Դեռ ոչինչ պարզ չէ…

-Իսկ այսօր ու վա՞ղը: Սիրահարների տոնն է չէ՞: Չե՞ք պատրաստվում նշել:

- Ես գերադասում եմ Սուրբ Սարգսի տոնը… Գործնական առումով չգիտեմ, ինչ պլաններ ունեմ այդ օրը, տեսնենք…

-Փաստորեն ձեր սիրտը զբաղված չէ՞:

-Չէ, զբաղված է (ժպտալով)… Իմ սիրտը զբաղեցրել է մեր բրենդի դաշնակահար Կարեն Մամիկոնյանը…

-Փաստորեն, ապագա ընտանեկան բիզնեսը արդեն կա… Ամուսնության մասին դեռ չե՞ք մտածում:

-Մտածում ենք, բայց հիմա չեմ ցանկանա այդ մասին խոսել…

- Իսկ դժվարություններ չի՞ առաջացնում ձեր համատեղ աշխատելը:

-Ճիշտ ասած՝ ոչ: Սիրած մարդու հետ նույն բնագավառում աշխատելը բոլորովին դժվար չի: Միշտ կողքիս է, ինձ ամեն ինչում օգնում ու աջակցում է…

-Առավել շատ ինչո՞ւմ է օգնում:

-Գիտեք, մենք հաճախ ենք գործնական շրջագայությունների մեկնում, ու, քանի որ միասին ենք աշխատում, նա միշտ կողքիս է: Այսինքն՝ ամենուրեք անբաժան ենք… Նաև պրոֆեսիոնալ երաժիշտ է և օգնում է երաժշտության մեջ…

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Անուշիկ Ալավերդյան. Քանի որ միասին ենք աշխատում, սիրելիս միշտ կողքիս է