Կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանումը Չինաստան կավելանա
14/02/2014 18:57

Կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանումը Չինաստան կավելանա

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ:  Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան:

Ճոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Տիգրան Սարգսյանին փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի ջերմ ողջույնները: «Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար և Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին:

Տիգրան Սարգսյանը և Ճոու Լին կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երևանի ավտոբուսների և շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաև հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ:
 

Կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանումը Չինաստան կավելանա