Դատապարտվել են «Հացատունը» պոռնկատան վերածելու համար
14/02/2014 19:36

Դատապարտվել են «Հացատունը» պոռնկատան վերածելու համար

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հացատունը» պոռնկատան վերածելու մեջ մեղադրվող Հովհաննես Միքայելյանին և Գայանե Հարությունյանին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը Հովհ. Միքայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 262հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 2/երկու/ տարի 11/տասնմեկ/ ամիս 27/քսանյոթ/ օր ժամկետով, սակայն կիրառելով ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով, ինչպես նաև որպես գրավ մուծված 1.000.000/մեկ միլիոն/ ՀՀ դրամ գումարը վերադարձնել ամբաստանյալ Հովհ. Միքայելյանին:

Գ. Հարությունյանին դատավորը մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման՝ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում 2/երկու/ տարի 11/տասնմեկ/ ամիս 27/քսանյոթ/ օր ժամկետով, կիրառելով ՀՀ Քրեական օրենսգրքի 70հոդված և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով, ինչպես նաև որպես գրավ մուծված 1.000.000/մեկ միլիոն/ ՀՀ դրամ գումարը վերադարձնել ամբաստանյալ Գ. Հարությունյանին:

Գործի նյութերի համաձայն՝ ամբաստանյալ Հովհ. Միքայելյանը մեղադրվում է այն բանում, որ նա հանդիսանալով «Հովիկ Միքայելյան» ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ Երևան քաղաքում գործող «Հացատուն» կոչվող հասարակական սննդի օբյեկտը 2011-2013 թթ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում պահել և դրա գործունեությունը ղեկավարել է պոռնկությամբ զբաղվելու համար:

Սննդի օբյեկտին կից երկու առանձնասենյակները մահճակալներով և այլ անհրաժեշտ պարագաներով կահավորելուց հետո, Հովհ. Միքայելյանը նույն ՍՊԸ-ի մենեջեր Գ. Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական ՀՀ դրամով դրանք պարբերաբար տրամադրել են մարմնավաճառներներին: Բացի այդ, սննդի օբյեկտի հաճախորդների ցանկության դեպքում գումարի դիմաց նույն առանձնասենյակներում կազմակերպելով վերջիններիս ինտիմ հանդիպումները, հացատանը որպես մատուցողուհի աշխատող Ս. Հ.-ի և Ս. Բ.-ի հետ դրանով հաճախորդների հաճախականությունն ապահովելով այդ կերպ գույքային օգուտ ստանալով նպաստել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն:

Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն են մեղադրանքի հետ:

 

Դատապարտվել են «Հացատունը» պոռնկատան վերածելու համար