«Երկրապահներն անգնահատելի դեր են ունեցել հայոց բանակի ստեղծման գործում»
15/02/2014 13:50

«Երկրապահներն անգնահատելի դեր են ունեցել հայոց բանակի ստեղծման գործում»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ուղերձ է հղել Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ,
Համագումարի հարգարժան մասնակիցներ,
Ի սրտե ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում միության հոբելյանական` 10-րդ համագումարի կապակցությամբ:
Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին և առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ:

Հայ ժողովրդի արժանի զավակների սուրբ արյամբ են գրվել մեր նորագույն պատմության ոսկե էջերը: Նրանց սխրանքն ու հերոսությունն ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման և հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն:

Թանկագին բարեկամներ,
Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, համագումարի մասնակիցներին` հաջող ու արդյունավետ աշխատանք»:
 

«Երկրապահներն անգնահատելի դեր են ունեցել հայոց բանակի ստեղծման գործում»