.jpg)
Նախարար. Ծխող բժիշկը չի կարող վստահություն ներշնչել իր հիվանդին
Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք բուժհաստատություններում։
Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների հետ։
Վաղարշապատի ծննդատանը նախարարին տեղեկացրեցին, որ ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման արդյունքում 2013-ին իրենց մոտ 2012-ի համեմատ 176 ծնունդ ավելի է արձանագրվել (ընդհանուր թիվը կազմել է 748), ինչի շնորհիվ ծննդատանը որոշակիորեն բարելավվել են պայմանները։
Վաղարշապատի պոլիկլինիկան սեփական միջոցներով վերանորոգվել ու ժամանակակից տեսք է ստացել։ Պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ Պատկերը նույնն էր պոլիկլինիկայի Զվարթնոցի բժշկական ամբուլատորիայում։ Բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում նախարար Դումանյանը հորդորեց աշխատել ավելի լավ ու բարեխիղճ` նշելով, որ հուլիսի 1-ից էականորեն կբարձրանա առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը։
2010թ. արդիականացված Արմավիր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը խոսեց նախարարության 2014-ի գերակա ուղղությունների ու առաջնահերթությունների մասին։
«Մեր առաջնահերթ խնդիրը բժշկական ծառայությունների որակի ապահովումն է։ Այդ ենթատեքստում նաև մարզերում կրթական ու վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք։ Արմավիրը միշտ էլ լավ մասնագետներ է ունեցել։ Սակայն ժամանակից հետ չմնալու համար լրացուցիչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ։ Մենք կփորձենք այն ապահովելու համար ճանապարհներ գտնել։
2014-ը հայտարարել ենք առողջ ապրելակերպի տարի։ Մեր բժիշկներն անձնական օրինակով պիտի խրախուսենք ինչպես ծխելու և ալկոհոլային խմիչքների չարաշահման դեմ պայքարը, այնպես էլ առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Ծխող բժիշկը չի կարող վստահություն ներշնչել իր հիվանդին։
Վստահ եմ, տեղյակ եք, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված 40 միջոցառում ենք սկսել կատարել, որոնց միջոցով համակարգային շատ խնդիրներ կլուծվեն»,-ասաց նախարարը։
Դերենիկ Դումանյանն արմավիրցիներին նաև ծանոթացրեց համակարգում իրականացված ֆինանսական և ճյուղային այլ բարեփոխումներին, նախարարության կողմից նախաձեռնված ծրագրերին, պատասխանեց բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին։