Մաքսային միության վերաբերյալ ԲՀԿ-ն կարտահայտվի, երբ լինի հստակություն
15/02/2014 16:31

Մաքսային միության վերաբերյալ ԲՀԿ-ն կարտահայտվի, երբ լինի հստակություն

Այն, ինչ ասել է Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, դա կուսակցության դիրքորոշումն է և դժվար թե Հայաստանում լինի անհատ, կազմակերպություն կամ քաղաքական ուժ, որ այլ կերպ մտածի, թե Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է հնարավորինս բարձր մակարդակի հարաբերություն ունենա և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցերին, այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Վ. Օսկանյանը նկատեց, որ այն բոլորովին այլ որակ է. «Այստեղ հակասություն չկա: Ինչ վերաբերում է ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ կուսակության դիրքորոշմանը, ապա բազմիցս ասվել է, որ այն պահին, երբ ամեն ինչ հստակ կլինի, երբ մեր ղեկավարությունը հստակ կիմանա, թե ինչ է իրենից ենթադրում ՄՄ-ն և հստակ կտեսնենք, թե որոնք են այդ միության առավելություններն ու թերությունները, դրանից հետո արդեն կուսակցությունը պաշտոնապես իր դիրքորոշումը կարտահայտի»:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, թե կուսակցությունը վերջնական, հստակ դիրքորոշում այդ հարցի շուրջ չէր կարող հայտնել այն պարզ պատճառով, որ բացի անորոշ, մոտավորապես կազմված ճանապարհային քարտեզի, որը պարունակում է մոտ 200 կետ, այլ հստակ տեղեկատվություն, թե ինչ է տնտեսապես շահելու Հայաստանը այդ անդամակցությունից, չկա:

«Ավելին` կան հստակ հայտարարություններ, այդ թվում և էկոնոմիկայի նախարարի կողմից, թե ինչ է տուժելու Հայաստանի տնտեսությունը որոշակի առումներով` ՄՄ-ին անդամակցելով: Ի դեպ, ՀՀ նախագահը նախօրեին խոսեց այն անձանց մասին, ովքեր ապատեղեկատվություն են տարածում` ասելով, թե որոշակի ապրանքատեսակներ թանկանալու են ՄՄ-ին անդամակցելուց հետո և ուզում եմ հիշեցնել, որ առաջինը նման հայտարարություն խորհրդարանում արել է հենց էկոնոմիկայի նախարարը` հաստատելով, որ այո, մոտավորապես 600 անուն ապրանք թանկանալու է և այո, չի հերքել, որ այդ 600 ապրանքների մեջ լինելու են նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ»,- հիշեցրեց Ն.Զոհրաբյանը: 

Մաքսային միության վերաբերյալ ԲՀԿ-ն կարտահայտվի, երբ լինի հստակություն