Փորձագետ. Գ. Էլիբեգովի գործողություններն առնվազն անհասկանալի են
17/02/2014 19:17

Փորձագետ. Գ. Էլիբեգովի գործողություններն առնվազն անհասկանալի են

«Ճիշտ չէ այսչափ շահարկել վիրահայ համայնքի ներսում առաջացած անհամաձայնության մթնոլորտը»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը՝ մեկնաբանելով վիրահայ համայնքի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները:

Փորձագետի կարծիքով՝ Էլիբեգովի գործողություններն առնվազն անհասկանալի են, և որոշ չափով՝ նաև անընդունելի, գոնե այնքանով, որ համայնքի ներքին խնդիրները, եթե նույնիսկ դրանք առկա են, նպատակահարմար չէ համայնքից դուրս հանել և դարձնել լայն քննարկումների առարկա, հատկապես նմանատիպ հարցեր, երբ համայնքի ներսում ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտը ձևավորվել է մի քանի անձանց պատճառով:

Անդրադառնալով փետրվարի 16-ին տեղի ունեցած միջադեպին՝ Ա. Էրոյանցը նշեց, որ «միջադեպն անսպասելի էր, բայց և ուներ իր պատճառը: Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին ուղղված Էլիբեգովի մեղադրանքներն ու Վիրահայոց թեմի առաջնորդարանի արձագանք-պատասխանի իրարամերժ բովանդակությանները, կարծես, հուշում էին, որ կոնֆլիկտը պետք է իր հանգուցային ավարտը գտներ շարունակության մեջ՝ տեղափոխվելով այլ հարթություն, ասենք՝ խաղաղ քննարկումների միջավայր, և ցավալի է, որ նման կերպ զարգացան իրադարձությունները»:

«Կարծում եմ՝ չարժե այսչափ շահարկել տվյալ թեման, անհրաժեշտ է ուղղակի հետևել զարգացումներին, իսկ վերոնշյալ խնդիրն, ըստ իս, իր լուծումը կգտնի ներքին համերաշխության պայմաններում»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, փետրվարի 16-ին Թբիլիսիում միջադեպ էր տեղի ունեցել հայ համայնքի շուրջ 200 ներկայացուցիչների և մեկ այլ հայ ներկայացուցիչ Գիորգի Էլիբեգովի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով, իսկ վերջինս տարվել է ոստիկանություն: Մինչ այդ Էլիբեգովը մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին մեղադրել էր բարեգործական նպատակներով եկեղեցուն տրամադրվող միջոցները վատնելու մեջ, որին հաջորդել է վիրահայոց թեմի՝ վերոնշյալ մեղադրանքները հերքող պատասխանը: 

Փորձագետ. Գ. Էլիբեգովի գործողություններն առնվազն անհասկանալի են