Ե'վ կաթնամթերքի ներկրումն է ավելացե՞լ, և' տեղական կաթնարտադրությո՞ւնը
17/02/2014 21:10

Ե'վ կաթնամթերքի ներկրումն է ավելացե՞լ, և' տեղական կաթնարտադրությո՞ւնը

2013 թ-ին Հայաստան է ներկրվել 1243,7 տոննա պանիր և կաթնաշոռ, իսկ 2012 թ-իn` 1056,2 տոննա: Aysor.am-ի թղթակիցը Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է շուկայում այսպիսի իրավիճակ ստեղծվել` 2013 թ-ին պանրի և կաթնաշոռի ներկրման ծավալներն ավելացել են, հատկապես, երբ գյուղնախարարությունը բարձրաձայնում է անասնագլխաքանակի ավելացման մասին:

Արմեն Գիգոյանը նման իրավիճակը պայմանավորեց կաթի արտադրության ծավալների նվազմամբ. 2013 թ-ին արտադրվել է 8-12 տոկոսով պակաս կաթ, քան 2012 թ-ին:

Արմեն Գիգոյանը նշեց, որ կաթի արտադրության ծավալների նվազման վերաբերյալ իր տեղեկությունները հիմնվում են երկրում կաթ ընդունող ընկերությունների` պանրագործների ներկայացրած տվյալների հիման վրա:

Ինչ վերաբերում է պանրի արտահանմանը, ապա, ըստ նրա, այն նորմալ հունով է ընթանում, նույնիսկ մի քիչ ավելի է արտահանվում, քան նախորդ տարի՝ մասնավորապես Ռուսաստան, արտահանվում է հիմնականում «Լոռի» և «Չանախ» պանրատեսակները:

Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա ոլորտի վրա Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, Ա. Գիգոյանը պատասխանեց, թե դա կապ չունի, պետք է կաթի արտադրությունը կարգավորել:

Նշենք, որ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է 10.3 %-ով (661.0 հազ. գլուխ), այդ թվում կովերինը` 7.0 %-ով (303.3 հազ. գլուխ), մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 14.3 % (674.7 հազ. գլուխ):

Ըստ գնահատման՝ անասնապահական մթերքների համախառն արտադրությունը գերազանցում է 2012 թվականի մակարդակն գրեթե 8.0 %-ով նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:

Ազգային վիճակագրական ծառայության, նաև գյուղնախարարության տվյալների համաձայն՝  2013 թ-ին ավելացել է անասնագլխաքանակը, հետևաբար՝ պետք է ավելանար նաև կաթի արտադրությունը, ինչը և արտացոլվում է գյուղնախարարության տրամադրած տվյալների մեջ. Այն է` 2012 թվականին Հայաստանում արտադրվել է 618,2 հազար տոննա կաթ, իսկ 2013 թվականին` 657,0 հազար տոննա:

2013 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կաթի արտադրության ծավալներն ավելացել են 38,8 հազար տոննայով կամ 106,3 %-ով: Ներկայումս հանրապետությունում 3,6% յուղայնությամբ 1 կգ կաթը վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվում է 170-200 դրամով: 

Իսկ թե ինչո՞ւ է անասագլխաքանակի ավելացման, կաթի արտադրության ծավալների ավելացման պարագայում ավելանում նաև կաթնամթերքի ներկրումը, պարզ չէ, իսկ պանրագործների միության նախագահը պնդում է՝ 2013թ-ին կաթնարտադրության ծավալները նվազել են 8-12 տոկոս. այս տվյալներով հնարավոր է բացատրել ներկրման ավելացումը, սակայն գյուղնախարարության տվյալների համաձայն` ոչ:

Ե'վ կաթնամթերքի ներկրումն է ավելացե՞լ, և' տեղական կաթնարտադրությո՞ւնը