Հայաստանում ամեն 100 հազար քաղաքացու բաժին է ընկնում մոտ 7 դատավոր
17/02/2014 19:10

Հայաստանում ամեն 100 հազար քաղաքացու բաժին է ընկնում մոտ 7 դատավոր

«Մեր երկրում ամեն 100.000 քաղաքացու բաժին է ընկնում մոտ 7 դատավոր, Եվրոպայում ամեն 100.000-ին՝ մոտ 22 դատավոր: Սա նշանակում է, որ Հայաստանում դատավորները ծանրաբեռնված են աշխատում»,- փետրվարի 16-ին Աղվերանում «Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առկա է 230 դատավորի հաստիք, որի 98 %-ը համալրված է:

Անդրադառնալով դատական գործերին՝ Ա. Բաբայանը նշեց, որ անցած տարի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վարչական դատարաններ մուտք է արվել 90 000 գործ, որի 12 %-ը բողոքարկման հայց է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է այդ գործերի 40 %-ը, Վճռաբեկ դատարան բողոքարկված 4.6 % գործերից բավարարվել է 5 %-ը:

Արդարացման դատավճիռների հետ կապված Ա. Բաբայանը հայտնեց, որ այդ մասով չկա 2008 թ. վերաբերյալ հստակ վիճակագրություն, որոշ հաշվարկներով՝ կայացվել է 3 կամ 5 նման դատավճիռ, որից հետո այս առումով կտրուկ աճ է նկատվել:

«2009 թ. կայացվել է 25 արդարացման դատավճիռ, 2010 թ.՝ 57, 2011 թ.՝ 77, 2012 թ.՝ 98, իսկ 2013 թ.՝ 104 արդարացման դատավճիռ»,-ասաց նա:

Ա. Բաբայանի խոսքով՝ 2013 թ. ընթացքում դատախազությունը կարճել է հարուցված քրեական գործերի 21 %-ը:

 

Հայաստանում ամեն 100 հազար քաղաքացու բաժին է ընկնում մոտ 7 դատավոր