Կամո Սեյրանյան. Այսօրվա շոու-բիզնեսի վիճակը, ինչպես ասում են, մեղք վիճակ է
17/02/2014 20:05

Կամո Սեյրանյան. Այսօրվա շոու-բիզնեսի վիճակը, ինչպես ասում են, մեղք վիճակ է

Նախօրեին երեկոյան, երբ որոշեցինք կապ հաստատել ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ, նա պատրաստվում էր թռիչքի՝ դեպի Հայաստան… Երկու ժամ անց Հայաստանում նրան առաջին «դիմավորողը» Life.Panorama.am-ն էր… Թեև ճանապարհից հոգնած, բայց թարմ տպավորություններով և իր պատրաստած գեղեցիկ անակնկալներով Կամո Սեյրանյանը կիսվեց մեզ հետ…

-Կամո, երբ ձեզ զանգահարեցի, պատրաստվում էիք թռիչքի՝ Հայաստան… Որտե՞ղ էիք, գործնական ուղևորությո՞ւն էր:

-Փետրվարի 8-ին Փարիզում «Արարատ» պարախումբը նշում էր իր գործունեության 10 տարին, որին հրավիրված էինք ես և իմ շատ ընկերներ՝ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հաղորդավարներ… Ես պետք է ամսի 12-ին վերադառնայի, բայց պլանները փոխվեցին. 2 օրով մեկնեցի Մոսկվա, հետո՝ Հայաստան…

-Որքան հասկացա, Մոսկվայում լավ ցուրտ էր…

-Հա, մի քիչ վատառողջ եմ, աչքիս լավ մրսել եմ… Մոսկվայից պետք է վաղը գայի, բայց քանի որ լավ չէի զգում, տոմսիս օրը փոխեցի՝ մեկ օր շուտ տուն հասնեմ…

-Տանը գիտե՞ն, որ այսօր պետք է վերադառնաք…

-Ես միշտ անակնկալ եմ արել… Առավոտյան ասացի, որ լավ չեմ զգում, կարող է տոմսս փոխեմ… Բայց միայն այդքանը… Այնպես որ, առաջինը դուք իմացաք, որ ես Հայաստանում եմ արդեն…

-Այս օրերին սիրո տոն է նշվում… Նվերներո՞վ եք եկել…

-Այո, արդեն Փարիզից նվերները գնել եմ…

-Եթե գաղտնիք չէ, ի՞նչ նվերներ են…

-Հետաքրքիր շորիկներ, կոշիկներ…

-Դա այն է, ինչ իրե՞նք են ուզել, թե՞ այն, ինչ դուք եք ցանկացել բերել…

-Չէ, չէ, այսքան ժամանակ իրենք ինձանից ոչինչ չեն ուզել… Ես իմ աչքաչափով, իմ ճաշակով եմ գնում: Եվ ասեմ, որ ահավոր լավ աչքաչափ ունեմ. այսքան ժամանակ չի եղել, որ մի բան գնեմ և չլինի կնոջս կամ երեխաներիս վրա…

 

-Ի՞նչ տարիքի են երեխաները:

-Ես կյանքում այս հարցում էլ եմ առաջ ընկել… 20 տարեկանում եմ ամուսնացել: Տղաս 14, աղջիկս՝ 12 տարեկան է…

-Դուք էլ օրեր առաջ բոլորեցիք 35-ը…Ձեր հարաբերությունները, հավանաբար, ավելի շատ ընկերական են, այո՞:

-Հա, ես երեխաների հետ շատ-շատ մտերիմ եմ, իրենց ընկերն եմ… Իրենց «բոբո ձյաձյան» մաման է (ծիծաղելով)… Քանի որ շատ եմ բացակայել, երեխաների դաստիարակությամբ կինս է զբաղվել: Բայց ասեմ, շատ լավ է դաստիարակել, կնոջիցս շատ շնորհակալ եմ…

-Իսկ նա ի՞նչ մասնագետ է:

-Դաշնակահարուհի է, ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը… Ուզում էր կոնսերվատորիան շարունակել, բայց արդեն երեխաների հետ չստացվեց…

-Այնքան էլ ուշ չէ…

-Հիմա ցանկանում է երաժշտական դպրոցում դասավանդել… Ճիշտն ասած՝ ես 13 տարի չեմ թողել, որ աշխատի, բայց հիմա երեխաները մեծ են, հանգիստ կարող է աշխատել… Միևնույն է, դպրոցին 1-2 ժամ է հատկացնելու…

 

-Իսկ ինչո՞ւ չեք թողել՝ երեխաների խնամքի՞, թե հայ տղամարդու բնավորության պատճառով:

-Ինձ թվում է, երեխաների հարցը ավելի շատ է եղել… Նաև, եթե կարողանում ես ամեն ինչ հասցնել, կինը կարող է և չաշխատել…

-Հայաստանում կարողանո՞ւմ եք ամեն ինչ հասցնել:

-Փորձում եմ…

-Հաճախ ասում են, որ ձեր մասնագիտությամբ գումար կարելի է աշխատել քեֆերին և ուրախություններին…

-Որ ասեմ կոնսերվատորիայի աշխատավարձով եմ ապրում, կհավատա՞ք… Կորպորատիվ միջոցառումներն են ավելի շատ եկամուտ ապահովում, բայց դրանք ոչ միշտ են…Երաժշտության հետ կապված մի խոսք կա. «Օր կա՝ տարի կպահի, տարի կա՝ մի օր չի պահի»… Երաժիշտի աշխատանքն այնպես է, որ մեկ օրում կարող է այնքան գումար վաստակենք, որ մի տարի ապրենք… Բայց կարող է և հակառակը լինել՝ 1 ամբողջ տարի հրավերներ չլինեն…

-Իսկ ռեստորանային, ակումբային հաստատություններում աշխատո՞ւ եք:

-2006 թվականի հոկտեմբերից, երբ առաջին տեսահոլովակիս պրեմիերան եղավ, այլևս ռեստորան ոտք չդրեցի աշխատանքի նպատակով…

-Գո՞հ եք մեր շոու-բիզնեսից:

-Այսօրվա շոու-բիզնեսի վիճակը շատ ծիծաղելու է, ինչպես ասում են՝ մեղք վիճակ է… Արժող-չարժող, երգել իմացող-չիմացող՝ բոլորը եթերում են… Սովետի ժամանակ հատուկ հանձնաժողով կար, նստում լսում էին՝ այդ մարդը իրավունք ունի՞ եթերում երևալու… Այսօր նման բան չկա, ինչ «զիբիլ» ասես, ցույց են տալիս… Փողը տուր, «ռասկրուտկեն» արա…

-Շոու-բիզնեսի ներկայացուցիչները ձեզ հետ աշխատելու ցանկություն հաճախ են հայտնում, բոլոր դիմողների հե՞տ եք աշխատում, թե՞ տարանջատում եք…

-Իհարկե տարանջատում եմ… Ինձ շատ են առաջարկել իրենց տեսահոլովակում նկարահանվեմ, բայց ոմանց, տարբեր պատճառաբանություններ բերելով, որ չվիրավորեմ՝ հրաժարվել եմ…

-Ընկերներ ունե՞ք այդ ասպարեզից:

-Ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ բոլորի հետ էլ ընկերություն եմ անում… Մոտիկ եմ Արսեն Գրիգորյանի (Ասո), Արման Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի ռոմանսների Արսեն Գրիգորյանի հետ… Շատ են, ես շատ լավ ընկերներ ունեմ…

-Կամո, նախկինում հաճախ էիք տեսահոլովակներով հանդես գալիս: Նոր բան չե՞ք պատրաստվում անել…

-2012 թ-ին աշխարհահռչակ երաժիշտներից բաղկացած «Forbidden Saints» խմբին հրավիրել էի Հայաստան… Շատ մեծ համերգ ունեցանք Հանրապետության հրապարակում, նաև Արցախում: Հիմա ես այդ խմբի անդամ եմ և պատրաստվում ենք հյուրախաղերի… Առաջիկա ամսվա ընթացքում այդ համերգի կադրերով տեսահոլովակի պես մի բան եմ ուզում պատրաստել, իսկ գարնանը նոր գեղեցիկ տեսահոլովակ կնկարահանեմ… Ասեմ, որ Փարիզում շատ գեղեցիկ տեսարաններ եմ նկարահանել, ինձ հետ պրոֆեսիոնալ օպերատոր կար… Այդ կադրերը ևս կօգտագործեմ տեսահոլովակներում…

 

-Հիմա ինչո՞վ եք զբաղված:

-Սիմֆոնիկ օրկեստրի հետ գործեր ենք ձայնագրում… Այնպիսի գործեր են, որ այսքան ժամանակ ոչ-ոք չի արել. Արամ Խաչատրյանի «Լեզգինկան», «Սուսերով պարը»…

-2003 թվականից դասավանդում եք նաև Կոնսերվատորիայում: Դժվար չէ՞ր հասակակիցների հետ…

-23 տարեկանից դասավանդում եմ ու ոչ մի խնդիր չի առաջացել… Երևի իմ բազան այնքան մեծ է եղել, որ տարիքս չի զգացվել…

-Այսօրվա սերունդը հետաքրքրվա՞ծ է դուդուկով:

-Այո, մենք փայլուն դուդուկահարներ ունենք, այդ հարցում սիրտս շատ հանգիստ է… Դուդուկը զարգացող գործիք է… Բայց կան գործիքներ, որ կորում են… Դրանց համար սիրտս ցավում է…

-Իսկ ինչո՞ւ են կորում, մասնագետներ չկա՞ն:

-Քիչ են լուսաբանվում, իսկ մատաղ սերունդը ինչ տեսնում ու լսում է, այն էլ սովորում է… Գիշեր- ցերեկ չգիտես ինչ են ցույց տալիս… Նստում-նստում, հետո ասում ենք՝ մեր հարևան պետությունը այս կամ այն գործիքն իրենով արեց… Բա այդպես պետք է լիներ, ի՞նչ պիտի լիներ…

-Հուսանք, հերթը նաև դուդուկին չի հասնի…

-Չէ, դուդուկին չեն կարող կպնել, ամբողջ աշխարհը գիտի, որ դա հայկական է…

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Կամո Սեյրանյան. Այսօրվա շոու-բիզնեսի վիճակը, ինչպես ասում են, մեղք վիճակ է