Համաշխարհային բանկ. Պատրաստ ենք աջակցել Հայաստանին
17/02/2014 20:47

Համաշխարհային բանկ. Պատրաստ ենք աջակցել Հայաստանին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ հանդիպումը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը:

«Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով, ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից և անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև, վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին է ներկայացրել Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը և նշել, որ կառավարությունը ծառացած նոր մարտահրավերների լուծման նպատակով շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները տարբեր ոլորտներում:

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին՝ ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից միջին եկամուտ ունեցողների շարքին դասվելու համար: Ուրախ ենք լսել նաև Doing Business-ի ուղղությամբ Ձեր երկրի առաջընթացի և բարձր հավակնությունների մասին: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ հետագա առաջխաղացման համար»,- դիմելով վարչապետ Սարգսյանին՝ նշել է Ֆրենկ Հիմսկերկը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց ուղղությամբ հետագա սերտ փոխգործակցությունը: 

Համաշխարհային բանկ. Պատրաստ ենք աջակցել Հայաստանին