.jpg)
Բաղդասարյան. Ընդդիմադիր դաշտը դատարկվում է, և կուտակայինը շատ լավ խոսափող է
Պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգը որոշակի թերություններ ունի, նրա հանդեպ հավատ չկա, բայց պետք է իրագործել` վերանայելով մի շարք կետեր: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Կենսաթոշակային համակարգը, պատգամավորի խոսքով, չպետք է պարտադիր լինի. «Իշխանություններին անընդհատ մեղադրում են, որ երկարաժամկետ խնդիրներ չի լուծում, և կառավարություն համարձակ քայլեր չի անում, սակայն պետք է հավատանք կառավարության ծրագրին»,- ասաց պատգամավորը` ավելացնելով, որ ցանկալի կլիներ, որ մեր երկիրն այնպիսի իրավիճակում լիներ` համակարգը գործեր կամավոր սկզբունքով:
Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումից հետո, շարունակեց խոսքը պատգամավորը, գոյացած գումարների 60%-ը, ամենայն հավանականությամբ, մնալու է Հայաստանում, իսկ մնացած 40%-ը` երկրից դուրս է գալու:
Վ. Բաղադասարյանը չի կիսում այն տեսակետը, որ հասարակության մեծ մասը դեմ է օրենքին, ինչ վերաբերում է կուտակայինի հետ կապված բողոքներին և ցույցերին, պատգամավորը դա պայմանավորեց նրանով, որ «ընդդիմադիր դաշտը դատարկվում է», և կուտակայինը, ըստ նրա, շատ լավ խոսափող է:
«Ես ցույցերին չեմ տեսել 80% դեմ արտահայտվողներին: Կարծում եմ, որ ցույցերն այդքան էլ կապված չեն օրենքի հետ, պարզապես կան ուժեր, որոնք աշխատում են այդ ուղղությամբ»,- եզրափակեց խոսքը պատգամավորը: