.jpg)
Փորձագետ. «Ժնև 2-ի» տապալումը հղի է լրջագույն հետևանքներով
«Առավելագույնն, ինչ հնարավոր եղավ արձանագրել «Ժնև 2-ի» երկրորդ փուլի ընթացքում՝ հակամարտ կողմերի պատրաստակամությունն էր՝ շարունակելու բանակցությունները և դրանց հետագա օրակարգի համաձայնեցումը, որն, ըստ էության, կրկնելու է այս փուլի ընթացքում առաջադրված հիմնական խնդիրները՝ քննարկման գրեթե նույն հաջորդականությամբ»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով փետրվարի 10-15-ը ժնև քաղաքում տեղի ունեցած սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված համաժողովի երկրորդ փուլի արդյունքները:
Ըստ արաբագետի՝ բանակցությունների չափազանց դանդաղ ընթացքն ու հակամարտ կողմերի որդեգրած անզիջում դիրքորոշումները մի կողմից և ժնևյան գործընթացի գլխավոր կազմակերպիչների մոտ շահագրգռվածության ու հետևողականության բացակայությունը մյուս կողմից, հիմնական պատճառ դարձան հերթական փուլի շրջանակներում արձանագրված նվազագույն արդյունքների: «Այս համատեքստում, թերևս, միակ ողջունելի հանգամանքը կարելի է դիտարկել բանակցող կողմերի կառուցողական մոտեցումներն, այսինքն՝ հայտարարված պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները, ասել է թե՝ պահպանելու գործընթացի ձևական կողմը, մինչդեռ իրականում պարզ է, որ առկա պայմաններում նրանցից որևէ մեկը պատրաստ չէ՝ գնալ էական փոխզիջումների. կառավարական պատվիրակությունը պնդում է, որպես առաջնային հիմնախնդիր, ամրագրել Սիրիայի տարածքում առկա ահաբեկչական սպառնալիքի դեմ միասնաբար պայքարելու անհրաժեշտությունն, իսկ արտասիրիական ընդդիմությունը ներկայացնող բանակցողներն էլ գտնում են, որ առաջնային են երկրի կառավարման անցումային մարմնի ձևավորմանը միտված քննարկումները, որն էլ պետք է վերահսկի բոլոր պայմանավորվածությունների իրագործումն. ակնհայտ է, որ նման պարագայում, երբ բանակցող կողմերի վրա չի գործադրվում բավարար ճնշում արտաքին դերակատարների կողմից, շոշափելի արդյունքներ ակնկալելը միամտություն կլինի»,- նկատեց Պետրոսյանը:
«Մյուս կողմից, որոշակի մտահոգություն է առաջացնում հակամարտությանը ներգրավված որոշ արտաքին խաղացողների հռետորաբանության մեջ ու գործելաոճում նկատվող նոր միտումները: Մասնավորապես, սիրիական հակամարտության արտաքին ճամբարում ևս կողմերը սկսել են քննադատություններ շռայլել միմյանց հասցեին՝ ստանձնած պարտականությունները հավուր պատշաճի չկատարելու, սեփական հովանավորյալի վրա անհրաժեշտ չափով չներազդելու, բանակցությունները տապալելու փորձերի և այլ նմանատիպ մեղադրանքների միջոցով: Բացի այդ, հակակառավարական ուժերին հովանավորող արտատատարածաշրջանային և մերձավորարևելյան դերակատարները, կարծես, զուգահեռաբար նոր մարտավարության են նախապատրաստում՝ հակամարտության լուծման բանալին կրկին ռազմական գործողությունների թատերաբեմ տեղափոխելու ճանապարհով»,- մանրամասնեց փորձագետը:
«Այսուհանդերձ, մի բան պարզ է, որ եթե ժնևյան գործընթացի հաջորդ շրջափուլը ևս, որի ժամկետները գլխավոր միջնորդի՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկյացուցիչ ալ-Ախդար ալ-Իբրահիմիի կողմից չեն հստակեցվում, որևէ դրական տեղաշարժ կամ փաստաթղթային ձևակերպում չամրագրի, կհեղիանակազրկվի գործընթացն ընդհանրապես, ինչի կազմակերպման համար ավելի քան կես տարի ջանքեր էին գործադրել միջազգային հանրությունը և հատկապես Մոսկվան ու Վաշինգտոնն: Իսկ իրադարձությունների զարգացման նման սցենարը հղի է վատթարագույն հետևանքներով. այս դեպքում արդեն ընդհանրապես հօդս կցնդեն սիրիական թնջուկի խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները, ինչն էլ կնշանակի, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի «ձեռքերը ծալած» հետևել մեր ժամանակների ամենաաղետաբեր հումանիտար ճգնաժամի խորացմանը, կամ դիմի առավել արմատական քայլերի, ասենք, ինչպես օրինակ Հարավսլավիայի դեպքում էր՝ նախաձեռնի հումանիտար ներխուժում: Հետևաբար հենց վերոնշյալով է պայմանավորված այն հանգամանքը, որ դեռևս չեն հստակեցվում բանակցային երրորդ փուլի ժամկետնեիը, քանի դեռ առկա չեն նշված խոչընդոտները հաղթահարելու էական նախադրյալներ»,- եզրափակեց Ա. Պետրոսյանը: